Արցախում հովհարային անջատումներ են սկսվել. պատճառը բարձրավոլտ գծում տեղի ունեցած վթարն է

Արխիվային լուսանկար
Հավանական լրացուցիչ անջատումներից խուսափելու նպատակով շտաբը հորդորում է հնարավորինս խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Արցախը Հայաստանից սնուցող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ բարձրավոլտ գծի 110 կՎ 33-րդ կմ-ում արձանագրվել է վթար, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Ըստ սարքավորումներով արձանագրված տվյալների` վթարը տեղի է ունեցել գտնվում է Աղավնո-Բերձոր հատվածում։
«Ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով նշված հատվածում այս պահի դրությամբ հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ, ուստի որոշում է կայացվել հանրապետության էլեկտրամատակարարումը իրականացնել տեղական արտադրող կայանների միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ տվյալ իրավիճակից ելնելով` Արցախում հունվարի 10-ից իրականացվում են հովհարային անջատումներ։
Շտաբից արցախցիներին հորդորում են հավանական լրացուցիչ անջատումներից խուսափելու նպատակով հնարավորինս խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան։