ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման պատճառով առաջացած սննդի սղության հետևանքով փակվել է 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Դա նշանակում է, որ 6828 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ, նախակրթարան և երկարօրյա դպրոց հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք, սնունդ և կրթություն ստանալու հնարավորությունից»,– նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, վերջին 2 օրերին Արցախում առատ ձյուն է տեղում։ Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղու արգելափակման հետևանքով անհնար է դարձել այդ ճանապարհահատվածում ձնամաքրման և աղալցման աշխատանքներ իրականացնելը։ Դա լրացուցիչ էական դժվարություններ է առաջացել ինչպես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, այնպես էլ ռուսական խաղաղապահ առաքելության մեքենաների համար, որոնք իրականացնում էին որոշակի քանակությամբ մատակարարումներ և տեղափոխում ծանր հիվանդներին։
Ընդգծվում է, որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով Արցախի բնակչությունը կանգնել է նաև էներգետիկ ճգնաժամի առջև:
Հունվարի 9-ին` ժամը 14։35-ին, Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում արձանագրվել է վթար։ Ըստ սարքավորումներով արձանագրված տվյալների` վթարը գտնվում է Աղավնո-Բերձոր հատվածում։
«Ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով նշված հատվածում այս պահի դրությամբ հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ: Ուստի որոշում է կայացվել հանրապետության էլեկտրամատակարարումը իրականացնել տեղական արտադրող կայանների միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով։ Ելնելով տվյալ իրավիճակից` Հանրապետությունում իրականացվում են հովհարային անջատումներ»,–հայտնում է շտաբը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։