Ալիևը խոստովանել է, որ եռակողմ հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցք» ձևակերպում չկա

Իլհամ Ալիև
Ադրբեջանի առաջնորդը շարունակում է պնդել, որ պետք է բացվի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», քանի որ դա նրանց համար ռազմավարական նախագիծ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է այն փաստը, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցք» ձևակերպում չկա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին որևէ հիշատակում չկա։ Նրա կարծիքով՝ տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում Ադրբեջանի կողմից «միջանցքային» թեմայի արծարծումը ոչ այլ ինչ է, քան 2020 թվականի եռակողմ հայտարարության իրականացման խեղաթյուրում և սաբոտաժ։
Այսօր մի շարք տեղական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ ինքն է «քաղաքական բառապաշար» մտցրել այդ հասկացությունը։
«Այո՛, Ղարաբաղի վերաբերյալ 2020թ․-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցք» հասկացություն չկա։ Ես ավելի ուշ եմ այն մտցրել քաղաքական բառապաշարի մեջ։ Բայց այնտեղ (հայտարարության մեջ․ խմբ․) նշված է, որ պետք է ապահովվի կապը Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև»,- ասել է Ալիևը, որի խոսքը փոխանցում է CBC TV Azerbaijan-ը։
Միաժամանակ Ադրբեջանի առաջնորդը կրկին հնչեցրել է «միջանցքի» բացման մասին նարատիվը՝ անկախ նրանից, թե ինչ դիրքորոշում ունի Երևանը։
«Հայաստանն ուզի, թե ոչ, Զանգեզուրի միջանցքի գործարկումն անխուսափելի է։ Մեզ համար դա ռազմավարական նախագիծ է։ Մենք ցանկանում ենք, որ այն հնարավորինս արագ գործարկվի»,- ընդգծել է նա։
Հիշեցնենք՝ պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ կողմ է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սակայն ընդգծել է, որ որևէ արտատարածքային միջանցք անընդունելի է։ Հայաստանի իշխանությունները բազմիցս նշել են, որ բոլոր ճանապարհները պետք է գործեն այն երկրների լիակատար ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են դրանք։
Անհեթեթ են պնդումները, թե ՀՀ–ն միջանցքի հարցով բանավոր խոստում է տվել որևէ մեկի. Փաշինյան