ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ արտասահմանյան ընկերությունների 75,9%–ը մնացել է Ռուսաստանում։
«Այս որոշումը շատ բանի մասին է խոսում. նրանք հավատում են մեր երկրի տնտեսության զարգացման լավ հեռանկարներին, նրանց հարմար է գործարար մթնոլորտը։ Նրանք, ովքեր հեռացել են, միլիարդավոր կորուստներ ունեն», – Telegram ալիքում գրել է Վոլոդինը։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ հայրենական ձեռնարկություններն են լրացնում ազատված տեղերը և ընդլայնում արտադրության ծավալները։
Ըստ Պետդումայի խոսնակի տվյալների` հագուստի արտադրությունն աճել է 42%–ով, դեղորայքինը` 15%–ով։
Միևնույն ժամանակ, ըստ Վոլոդինի, կարևոր է, որ բիզնեսն ազգային ուղղվածություն ունենա, աշխատած գումարները մնան երկրում և օգտագործվեն դրա զարգացման համար։
Պետդումայի խոսնակը հիշեցրել է նախկինում այս հարցի առնչությամբ ընդունած օրինագծերի մասին՝ հավելելով, որ նման որոշումները Պետդումայի համար առաջնահերթ են։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 318-րդ օրը։