ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. Վրաստանը ռազմական օգնություն չի տրամադրի Ուկրաինային։ Այս մասին հայտարարել են իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից, հայտնում է Sputnik Գրուզիան։
Ավելի վաղ ուկրաինական «Европейская правда» պարբերականում հրապարակվել էր Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովի հոդվածը:
Հոդվածում խոսվում է 2008 թվականին Վրաստանին փոխանցված «Բուկ» համալիրները վերադարձնելու Կիևի խնդրանքը Վրաստանի իշխանությունների կողմից մերժելու մասին: Նշվում է, որ Ուկրաինան խնդրել է նաև ԱՄՆ-ին փոխանցված «Javelin» հակատանկային համալիրները։ ԱՄՆ-ն պատրաստ է դրանք փոխարինել ավելի նոր համալիրներով, սակայն Վրաստանը կտրականապես հրաժարվել է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրել։
Վրաստանի խորհրդարանի «Վրացական երազանք» իշխող խմբակցության պատգամավոր Գիվի Միկանաձեի խոսքով` ուկրաինացի դիվանագետի հայտարարությանն ընդառաջ գնալը կարող է վնասել Վրաստանին:
«Այս հայտարարությունը, հնարավոր է, Վրաստանին ինչ-որ կերպ պատերազմի մեջ ներքաշելու ևս մեկ փորձ է։ Մենք մեկ անգամ ևս կտրականապես և հստակ հայտարարում ենք, որ մեր կառավարության կողմից չեն կարող ձեռնարկվել այնպիսի քայլեր, որոնք կարող են Վրաստանը որպես ռազմական գործողությունների կողմ ներկայացնել և պատերազմի մեջ ներքաշվելու վտանգ գոյացնել»,-հայտարարել է վրացի պատգամավորը։
Նա ավելացրել է, որ Վրաստանը կշարունակի Ուկրաինային քաղաքական և մարդասիրական աջակցություն ցուցաբերել։
«Սակայն ինչ վերաբերում է ռազմական կողմին` մենք առաջին հերթին կհոգանք, որ մեր երկիրը չներքաշվի ռազմական գործողությունների մեջ, և որ այս երկրում խաղաղությունը կայուն ապահովված լինի»,-ընդգծել է Միկանաձեն:
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 318-րդ օրը։