Թուրքիայի ընդդիմությունը փետրվարին կհայտարարի նախագահի միասնական թեկնածուի անունը. ԶԼՄ

Թուրքիայի դրոշը
Թուրքիայի ընդդիմադիր հիմնական 6 կուսակցությունների առաջնորդները խորհրդակցում են երկրում սպասվող նախագահական ընտրությունների թեմայով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Թուրքիայի ընդդիմությունը փետրվարին կհայտարարի սպասվող նախագահական ընտրություններին իր միասնական թեկնածուի անունը։ Այս մասին հայտնել է կառավարական շրջանակներին մոտ կանգնած Hürriyet թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։
Հերթական նախագահական և խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում նախատեսվում է անցկացնել 2023 թվականի հունիսի 18-ին։ Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է առաջադրել իր թեկնածությունն առաջիկա ընտրություններին։
«Փետրվարին նախատեսվում է հայտարարել նախագահի միասնական թեկնածուի, ընտրական դաշինքի ձևի և վեց առաջնորդների մանդատի մասին», – հայտնել է սյունակագիրը։
Թուրքիայի ընդդիմադիր հիմնական 6 կուսակցությունների առաջնորդները խորհրդակցում են երկրում սպասվող նախագահական ընտրությունների մասին։ Առաջին հանդիպումից հետո նրանք հայտարարեցին «ուժեղացված խորհրդարանական կառավարման համակարգի» անցում կատարելու հուշագիր նախապատրաստելու մասին։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի բացառում ընտրությունների ավելի վաղ անցկացում` 2023 թվականի մայիսին։