Կարմիր խաչի ներկայացուցիչները կրկին այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

Արխիվային լուսանկար
Գերիներին հնարավորություն է տրվել հեռախոսազանգեր կատարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերին հերթական այցն են կատարել Բաքվում պահվող հայ գերիներին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նա նշեց, որ կրկին հնարավորություն է տրվել բոլորին հեռախոսազանգեր կատարել։
«Հուսով ենք հաջորդիվ, առնվազն նույն պարբերականությամբ, տեսակցությունները կշարունակվեն։ Նախօրոք որևէ բան չենք հայտարարում»,– ասաց նա։
Անդրադառնալով Լաչինի միջանցքի փակ լինելուն, մասնավորապես` ԿԽՄԿ միջնորդությամբ հիվանդներ տեղափոխելուն, նա ասաց. «Մեր ուղիղ կապը կողմերի հետ ընթացիկ է, անհրաժեշտության դեպքում մենք անում ենք ամեն հնարավորը, որպեսզի արագ կազմակերպենք անձանց տեղափոխումը»։
Հիշեցնենք` Բաքուն այս պահին հաստատում է 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո 33 անձի գերի լինելու փաստը։ Պաշտոնական Երևանը, սակայն, վստահեցնում է, որ նրանց թիվն ավելի շատ է։ Իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ։
Հավելենք նաև, որ մինչ այդ՝ դեկտեմբերի 19-ից ի վեր 13 հիվանդներ են Արցախից տեղափոխվել ՀՀ տարբեր ԲԿ–ներ։
Դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։