Կառավարությունում կադրային փոփոխություններ են արվում. ազատումներ և նշանակումներ

Արդեն հայտնի են նորաստեղծ ներքին գործերի նախարարության ամենաբարձր պաշտոնները զբաղեցնողների անունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրերով այսօր մի շարք փոփոխություններ են կատարվել կառավարության կազմում։ Հրամանագրերը հրապարակված են կառավարության պաշտոնական կայքէջի «Վարչապետի որոշումներ» բաժնում։
Այսպիսով` վարչապետի որոշմամբ Դավիթ Համբարյանն ազատվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի, իսկ Արփինե Սարգսյանը` արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից։ Վարչապետի այլ որոշումներով նրանք նշանակվել են նոր կազմավորված ներքին գործերի նախարարի տեղակալներ։
Փաշինյանը որոշել է նաև փրկարար ծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ նշանակել Կամո Ցուցուլյանին, որը նախկինում զբաղեցնում էր ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնը։ Իսկ նախկինում ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնող Արամ Հովհաննիսյանն էլ, Փաշինյանի որոշմամբ, նշանակվել է ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ միգրացիոն ծառայության նախկին պետ Արմեն Ղազարյանը նշանակվել է միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ։
Հիշեցնենք` Հայաստանում ներքին գործերի նախարարություն ստեղծելու նախագիծը ՀՀ Ազգային ժողովում ընդունվեց 2022–ի դեկտեմբերի 16–ին։
Ներքին գործերի նախարարության շրջանակներում ամփոփվելու են երեք ծառայություններ՝ փրկարար ծառայությունը, ոստիկանությունն ու միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը:
Ներքին գործերի նախարարի պաշտոնի համար 4 թեկնածու կա. ԶԼՄ
Նոր օրենքով նախատեսվում է, որ ոստիկանապետը կլինի ներքին գործերի նախարարի տեղակալը, միևնույն ժամանակ անվտանգության խորհրդի անդամ, իսկ ոստիկանության զորքերը կդառանան ոստիկանական գվարդիա՝ ավելի ընդլայնված գործառույթներով։
Հայաստանում ՆԳՆ-ն գոյություն է ունեցել մինչև 2002 թվականը, ապա դրա հիման վրա ստեղծվել է ՀՀ ոստիկանությունը։