ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է նոր քաղաքներ կառուցել։ Հայաստանի հաբրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նրա խոսքով`Երևանում ևս մեծածավալ աշխատանքներ են կատարվելու` վերանորոգվելու են թաղամասեր, կառուցվելու են նորերը։
Էկոնոմիկայի նախարարն անդրադարձավ նաև հանրապետության բնակֆոնդին` նշելով, որ այն, ինչ այսօր ունենք, առկա պահանջարկից մի քանի անգամ պակաս է։
«Տարեկան ՀՀ-ում շահագործման է հանձնվում մոտ 300-400 հազար քառակուսի մետր նոր բնակֆոնդ, որը մեր պահանջարկից 5 անգամ քիչ է։ Մեր բնակֆոնդը բավարար չափով մաշված է, կարիք կա ավելի արագացնելու բնակարանաշինության տեմպերը»,– նշեց Քերոբյանը` վստահեցնելով, որ դա ևս կօգնի տնտեսական աճին։
Նախարարի խոսքով` ՀՀ տնտեսությունը նախորդ տարվա առաջին երկու ամիսներին տպավորիչ աճ էր գրանցել։ Շեշտեց` դա դեռ մինչև աշխարհաքաղաքական փոփոխություններն էր։
Քերոբյանը վստահեցնում է, որ դա կառավարության վարած տնտեսական քաղաքականության արդյունքն է՝ արտահանմանը միտված և մշակող արդյունաբերությանը օգնող։