ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Եվրոպայում գազի գներն արագացրել են աճի տեմպերը մոտ 12 տոկոսով՝ մոտենալով հազար խորանարդ մետրի դիմաց 850 դոլարին (համեմատության համար` Հայաստանում գազի սակագինը 372 դոլար է` 1000 խմ–ի դիմաց,–խմբ.)։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Լոնդոնի ICE բորսայի տվյալները:
Եվրոպայում, միաժամանակ, գազի բորսային գները հունվարի 5-ին առաջին անգամ գրեթե 16 ամսվա ընթացքում (2021 թվականի սեպտեմբերի 10–ից հետո) նվազել են` հազար խորանարդ մետրի դիմաց 700 դոլարի հասնելով։
Փորձագետները նշել են, որ եվրոպական բորսայում գազի գների նվազումը կապված է տաքացման և քամուց էներգիայի արտադրության ավելացման հետ: Bloomberg գործակալությունը հայտնել է, որ սպասվում է վերջին տարիների ամենատաք հունվարը։ Իսկ քամու էներգետիկայի եվրոպական ասոցիացիայի՝ Wind Europe-ի տվյալները վկայում են, որ Եվրամիությունում հողմային էլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիան կազմել է 31,6 տոկոս։ Սա 2022 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշներից մեկն է։
Չնայած ընթացիկ գնանկմանը` նման կայուն բարձր գներ չեն եղել Եվրոպայում գազային կենտրոնների գործունեության ողջ պատմության ընթացքում՝ 1996 թվականից ի վեր։