ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 4 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Հունվարի 8-ին՝ ժամը 23:54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը տեղեկություն է ստացել, որ Արարատի մարզի Արևաբույր գյուղ տանող ավտոճանապարհին՝ կամրջի վրա, ավտոմեքենա է այրվում. ներսում մարդիկ կան»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 18-րդ կմ-ին բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Գ. Մ., ծնված 2001 թ.) և «Toyota Tundra» (վարորդ՝ Մ. Գ., ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել:
Փրկարարները «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, որը հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ, «Toyota Tundra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է Մասիս քաղաքի ԲԿ, իսկ ուղևորներ Ս. Գ.,-ն (ծնված 2011 թ.) և Մ. Գ.,-ն (ծնված 2022 թ.) հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել:
Հրդեհը մեկուսացվել է հունվարի 9-ի ժամը 00:09-ին, մարվել` 00:12-ին: Մասամբ այրվել է «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, իսկ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին: