Արմեն Սարգսյանն իր մեկ տարվա կենսաթոշակը ուզում է փոխանցել «Հայաստան» հիմնադրամին

Արմեն Սարգսյան. Արխիվային լուսանկար
Սարգսյանն իր ցանկության մասին նամակով տեղեկացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնաթող նախագահի համար օրենքով սահմանված իր հատուկ կենսաթոշակի՝ 2022 թ. ողջ գումարը ցանկանում է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ ի աջակցություն Արցախի համար նախատեսված ծրագրերի, նման հայտարարություն է տարածել 4-րդ նախագահի գրասենյակը։
Նշվում է, որ գումարի ճափը 10 մլն դրամ է կազմում։ Սարգսյանը նման քայլի է դիմում՝ հաշվի առնելով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և ծանրագույն իրավիճակը, ինչպես նաև կարևորելով Արցախի մեր հայրենակիցներին սատարելու ջանքերը։
Սարգսյանն իր ցանկության մասին նամակով տեղեկացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Հիշեցնենք, որ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը 2022–ի հունվարի 23-ին հրաժարական է տվել` պատճառաբանելով, թե նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ` երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքական գործընթացների վրա։
Հաջորդ օրը Hetq.am–ում հայտնվեց մի տեղեկություն, որ Սարգսյանը մինչ նախագահ ընտրվելն ունեցել է Սենթ Քիթս և Նևիսի Հանրապետության քաղաքացիություն, և նա այդ պաշտոնում ընտրվելու իրավունք չուներ։
Պարբերականի տվյալներով՝ Սարգսյանը այդ քաղաքացիությունը ստացել է 500 հազար դոլարի չափով ներդրումների համար։