ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Թուրքիայի իշխանությունները Շվեդիայի համար անիրագործելի պայմաններ են առաջ քաշում, որոնք վերաբերում են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը, հայտարարել է երկրի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնը ՝ ելույթ ունենալով «Ժողովուրդ և պաշտպանություն» համաժողովում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Թուրքիան հաստատում է, որ մենք կատարել ենք այն, ինչ խոստացել ենք, բայց նաև ասում է, որ ուզում է այն, ինչ մենք չենք կարող կամ չենք ուզում տալ»,- ասել է Կրիստերսոնը։
Ֆինլանդիան և Շվեդիան, Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության ֆոնին, 2022 թվականի մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին դաշինքին միանալու հայտ են ներկայացրել։ Մինչ օրս Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ չեն վավերացրել 30 երկրներից միայն երկուսը` Հունգարիան և Թուրքիան:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Շվեդիան շարունակում է մնալ Թուրքիայում արգելված իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի (FETO) կազմակերպության կողմնակիցների կենտրոնը, որի հետ Անկարան կապում է 2016 թվականի հեղաշրջման փորձը։ Թուրքիայի իշխանությունները նաև ընդլայնել են Շվեդիայից արտահանձնման պահանջով անձանց ցուցակը՝ 33-ից հասցնելով 42-ի։