ՌԴ 102-րդ ռազմաբազայի դեմ ցանկացած սադրանք բխում է թուրք-ադրբեջանական շահերից. Շարմազանով

Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. Արխիվային լուսանկար
Շարմազանովի խոսքով` 102-րդ ՌԴ ռազմաբազայի դեմ նման գործողություններն անթույլատրելի ու դատապարտելի են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Ռուսական 102-րդ ռազմաբազայի դեմ ցանկացած սադրանք բխում է թուրք-ադրբեջանական շահերից։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով «Ազգային ժողովրդավարական բևեռի» Գյումրիում իրականացրած ակցիային։
Հայտնել էինք, որ «Ազգային ժողովրդավարական բևեռ» արմատական հակառուսական կազմակերպությունն այսօր Գյումրիում` 102-րդ ՌԴ ռազմաբազայի հարակից տարածքում հակառուսական ակցիա է իրականացնում։
«Դուք ոչ թե հակառուսական եք,այլ պրոթուրքական։ Նման գործողություններն անթույլատրելի ու դատապարտելի են։ Դա ուղիղ հարված է նախևառաջ ՀՀ անվտանգային շահերին։ Կրկնակի դատապարտելի է ռեժիմի պասերով խաղերը սրանց հետ»,–գրել է Շարմազանովը։
Հիշեցնենք` 65 մարդ բերման էր ենթարկվել Գյումրիում 102-րդ ՌԴ ռազմաբազայի հարակից տարածքում իրականացվող ակցիայից։
Ոստիկանության աշխատակիցները ցուցարարներին բերման էին ենթարկել հավաքների մասին օրենքը խախտելու և ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու հիմքով։
Ավելի վաղ կազմակերպիչը` «Ազգային ժողովրդավարական բևեռ» արմատական քաղաքական կազմակերպությունը հայտարարել էր, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի համար, որն արդեն 28 օր փակ է, մտադիր են արգելափակել 102-րդ բազան։ Այդ նպատակով առավոտյան նրանք Երևանից մեկնել են Գյումրի։