ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Բժշկությունը կարող է լավագույն ոլորտը դառնալ VR տեխնոլոգիաների կիրառման համար, սակայն անհրաժեշտ է նվազեցնել դրանց օգտագործման ժամանակ բացասական գործոնների ազդեցությունը մարդու առողջության վրա։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին պատմել են Հեռավորարևելյան դաշնային համալսարանի բազայի վրա գործող «Նեյրոտեխնոլոգիաներ, վիրտուալ և լրացված իրականության տեխնոլոգիաներ» գիտատեխնոլոգիական ինստիտուտի Իրավասությունների կենտրոնի փորձագետները։
«Հաշվի առնելով տեխնոլոգիաների զարգացումը և սաղավարտների ու արտադրողական ԷՀՄ-ների նոր տեսակների ի հայտ գալը, կարելի է ակնկալել, որ VR/AR-ի կիրառման ոլորտների թոփում կընդգրկվեն արդյունաբերության, մասնավորապես՝ շինարարության և բժշկության ոլորտները»,-ասել է բժշկական ուղղության ղեկավար Դանիլ Յակովլևը:
Սակայն, փորձագետի խոսքով, այդ ոլորտները պահանջում են նվազեցնել բացասական գործոնների ազդեցությունը մարդու առողջության վրա (օրինակ՝ երկար կրելուց առաջացող գլխապտույտը)։
Յակովլևը պարզաբանել է, որ արդյունաբերության մեջ վիրտուալ իրականության տեխնոլոգիաները կարող են օպտիմալացնել օբյեկտների նախագծման գործընթացը՝ նվազեցնելով սխալների հավանականությունը, ինչպես նաև կանխատեսել հավանական թերություններն ու արտակարգ իրավիճակները: Իսկ բժշկության մեջ VR տեխնոլոգիան կարող է օգտակար լինել ինչպես բուժառուների, այնպես էլ բժիշկների համար:
Յակովլևի կարծիքի հետ համաձայնել է մշակման բաժնի ղեկավար Արտյոմ Իոնիսը՝ նշելով, որ վիրտուալ իրականության շնորհիվ վիրաբույժները կարող են սովորել բարդ վիրահատություններ իրականացնել, իսկ բուժառուները վիրտուալ իրականության համալիրներն օգտագործում են վերականգնման համար՝ սաղավարտից բացի օգտագործելով կենսաբանական հետադարձ կապի կոստյումներ: Փորձագետի խոսքով՝ վիրտուալ և ընդլայնված իրականության առավելությունը շահագործվող միջավայրի մեջ ավելի ամբողջական ընկղմումն է։
«Այսպիսով մարդն ավելի շատ է կենտրոնանում և նյարդային կապերն ավելի արագ են ձևավորվում»,-բացատրել է Իոնիսը:
Չնայած դրան, VR տեխնոլոգիաների ակտիվ ներդրումը զսպվում է օգտագործողի համար էրգոնոմիկայի և հարմարավետության պակասի պատճառով, քանի որ ինքնավար սարքերը արագ են լիցքաթափվում․ միջին հաշվով մեկ լիցքը բավարար է 2-3 ժամ ակտիվ օգտագործման համար, իսկ երկար ժամանակ կրելու դեպքում կարող է գլխապտույտ և գլխացավ առաջանալ։
«Առօրյա կյանքի դեռևս ոչ բոլոր ոլորտներն են ծածկված VR/AR հավելվածներով։ VR-ի բազմաթիվ օգտատերերի համար դա ընդամենը հավելում է խաղային կոնսոլներին»,-կարծիք է հայտնել կրթության ուղղության ղեկավար Վիկտոր Դեմինը։
Նա բացատրել է, որ մարդիկ արդյունավետություն չեն տեսնում ամենօրյա աշխատանքի համար բարդ ծրագրերում, ուստի այս ասպեկտը շտկելու համար անհրաժեշտ է շարունակել ծրագրեր մշակել ոչ միայն խաղերի, այլև այլ նպատակների համար: