ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը տեղեկացնում է ,որ Ստեփանակերտի և շրջանների մթերային առևտրի կետերում առկա են շաքարավազ, ձեթ, մակարոնեղեն։
Տեղեկացվում է նաև, որ Ասկերան քաղաքում գործող խանութներին ձեթը կառաքվի հունվարի 9-ին։
«Ստեփանակերտում և շրջաններում գործող առևտրի կետերին, որտեղ դեռևս առաքում չի կատարվել, նշված ապրանքատեսակների առաքում կիրականացվի այսօր և վաղը։ Հրուշակեղենի արտադրամասերին շաքարավազի առաքումը ևս կիրականացվի այսօրվա և վաղվա ընթացքում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը նաև խնդրում և հորդորում է իրավիճակին մոտենալ ըմբռնումով, խուճապի չմատնվել և ավելորդ գնումներ չկատարել։
Հավելենք, որ Արցախը Հայաստանի կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը, արդեն 28 օր է շրջափակված է, ինչի հետևանքով Արցախի Հանրապետությունում սկսում է հումանիտար ճգնաժամ արձանագրվել։