ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. 2023թ. հունվարի 1-ին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ Թորոս Ղազարյանը, որը զբաղվում է անասնապահությամբ, արոտավայրից տուն չէր վերադարձել, որի կապակցությամբ նախաձեռնվել են որոնողական աշխատանքներ, հայտնում է Արցախի ԱԱԾ–ն:
Քանի որ մեծ էր հավանականությունը, որ ունենալով առողջական խնդիրներ, վերջինս կարող էր մոլորվելու հետևանքով անցնել Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածք, այդ մասին հաղորդվել էր նաև Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարությանը՝ ադրբեջանական կողմից տեղեկություն ստանալու նպատակով:
Նշվում է, որ հունվարի մեկից առ այսօր ադրբեջանական կողմը ոչ միայն չէր հաստատել, այլև հերքել էր Ղազարյանի՝ իրենց տիրապետության տակ գտնվելը:
«Մեր քաղաքացու կյանքն ու առողջությունը վտանգի չենթարկելու համար, առանց հանրայնացման շարունակել ենք խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական կողմի հետ բանակցությունները, որի արդյունքում Ադրբեջանն այսօր հաստատել է Թ.Ղազարյանի՝ իրենց մոտ գտնվելու հանգամանքը և Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի արգելափակված հատվածում փոխանցել ռուս խաղաղապահներին՝ քաղաքական ու քարոզչական նկատառումներով դրան հաղորդելով այլ երանգներ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Արցախյան կողմին փոխանցված Թորոս Ղազարյանն արդեն հետազոտվել է, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Արցախի իրավապահ մարմինների կողմից նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռնարկվելու են բոլոր միջոցները քաղաքացի Թորոս Ղազարյանի կողմից Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնվելու դեպքի հանգամանքները լրիվությամբ պարզելու ուղղությամբ: