Սասեքսի դուքս Հարրին պնդում է, որ սպանել է «Թալիբան» ահաբեկչական շարժման 25 մասնակցի

Հարրին պատմել է, որ ռազմական գործողություններից ուզում էր տուն վերադառնալ մաքուր խղճով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. 2012-2013 թվականներին Աֆղանստանի հարավում ծառայողական գործուղման ժամանակ Սասեքսի դուքս Հարրին սպանել է «Թալիբան» ահաբեկչական շարժման 25 մասնակիցների: Այս մասին բրիտանական թագավորական ընտանիքի անդամը պատմել է իր Spare հուշապատման մեջ։
«Ես նպատակ եմ դրել գործուղման առաջին իսկ օրվանից երբեք չպառկել քնելու կասկածով, թե արդյոք ճիշտ եմ վարվել, արդյոք կրակել եմ միայն «Թալիբանի» մասնակիցների վրա` առանց թիրախավորելու մոտակայքում գտնվող քաղաքացիական անձանց: Ես ուզում էի Մեծ Բրիտանիա վերադառնալ իմ բոլոր վերջույթներով, բայց ավելի շատ ուզում էի տուն վերադառնալ չվնասված խղճով»,–գրել է արքայազն Հարրին իր գրքում, որի իսպանական պարբերականից մի հատված է մեջբերում theguardian-ը։
Եղիսաբեթ 2-րդի թոռը խոստովանել է, որ սպանված 25 թալիբների թիվն իրեն չի անհանգստացնում, բայց և «չի բավարարում»։ Նա ահաբեկչական կազմակերպության անդամներին դիտում էր որպես «չարագործներ»:
Հարրին և Մեգանը մտադիր են վերականգնել հարաբերությունները թագավորական ընտանիքի հետ
2006 թվականին արքայազն Հարրին ավարտել է Սանդհերսթի Թագավորական ռազմական ակադեմիան, իսկ 2008 թվականին գաղտնի կռվել է Աֆղանստանի նահանգներից մեկում 10 շաբաթ։ Նա նաև մասնակցել Է Աֆղանստանում ռազմական գործողություններին 2012-ի սեպտեմբերից մինչև 2013-ի հունվար: Այն ժամանակ նա խոստովանել էր, որ սպանել է ապստամբներին Apache հարվածային ուղղաթիռից։