ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) որոշումը 119 ռուս մշակութային գործիչների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Նրանց թվում են դերասաններ Եվգենի Պետրոսյանը, Միխայիլ Գալուստյանը, Դմիտրի Բիլանը, Ֆիլիպ Կիրկորովը։
Պատժամիջոցների տակ հայտնված ռուս մշակութային գործիչների թվում են երգչուհի և դերասանուհի Իրինա Ալեգրովան, հեռուստահաղորդավարուհի Ժաննա Բադոևան, ռոք երաժիշտ Սերգեյ Բոբունեցը, հեռուստահաղորդավարուհի Դանա Բորիսովան, երգիչ-երգչուհիներ Ալեքսանդր Բույնովը, Վիկտորյա Դայնեկոն, Լարիսա Դոլինան, Լոլիտա Միլյավսկայան, օպերային երգչուհի Աննա Նետրեբկոն, ռեժիսոր Նիկիտա Միխալկովը:
Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել նաև Վլադիմիր Պրեսնյակովը, Ստաս Պիեխան, Պելագեյա Տելեգինան, Լյուբով Ուսպենսկայան, Միխայիլ Շուֆուտինսկին, Անիտա Ցոյը, Լեոնիդ Յակուբովիչը:
Պատժամիջոցների կիրառման ժամկետը 10 տարի է։
Պատժամիջոցները, մասնավորապես, ենթադրում են ակտիվների արգելափակում, առևտրային գործառնությունների սահմանափակում, ռեսուրսների տարանցման սահմանափակում, թռիչքների և փոխադրումների մասնակի կամ ամբողջական դադարեցում Ուկրաինայի տարածքով, կապիտալի դուրսբերման կանխարգելում Ուկրաինայի սահմաններից դուրս և այլն։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 316-րդ օրը։