ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Ձնաբքի պատճառով բեռնատարների համար փակ է Վերին Լարսի անցակետով Վրաստանից դեպի Ռուսաստան տանող ճանապարհը։ Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
«Միջազգային նշանակության Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի Գուդաուրի–Կոբի հատվածը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար», – ասվում է հաղորդագրության մեջ։
Երթևեկությունը տրանսպորտային մյուս միջոցների համար թույլատրված է։
Հիշեցնենք, որ Վրաստանը կառուցում է Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածի (Գուդաուրի–Կոբի) շրջանցիկ ճանապարհը։ Խոսքը Խաչի լեռնանցքի տակ գտնվող 9– կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախատեսվում է 22.7 կիլոմետր երկարությամբ ճանապարհ կառուցել, ինչպես նաև 6 կամուրջ և 5 թունել։ Շինարարությունը, ըստ պլանի, կավարտվի 2024 թվականի վերջին։