Հայկական ու վրացական էներգահամակարգերը միացնող «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի» կառուցման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2027թ. դեկտեմբերի 31-ը:
Որոշում ընդունվել է ՀՀ կառավարության հունվարի 5-ի նիստում` համապատասխան փոփոխություններ կատարելով ծրագիրը ֆինանսավորող Եվրոպական ներդրումային բանկի հետ 2015թ. -ին կնքված 10 մլն եվրոյի ֆինանսական պայմանագրում։ Փաստաթղթի սկզբնական տարբերակում վերջնաժամկետը սահմանված էր 2019թ. մարտի 16-ը: Բայց կորոնավիրուսի համաշխարհային համավարակը, 44-օրյա պատերազմն ու այլ իրադարձություններ ազդեցին ծրագրի ժամկետների վրա։
Նշենք, որ ծրագրի նպատակն է միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը վրացական սահմանի մոտ` Այրումում տեղակայվող բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի լմիջոցով: Վրացական կողմից միացումը նախատեսվում է «Մառնեուլի» ենթակայանից, հայկական կողմից` Դդմաշենի ենթակայանից` օդային գծերի միջոցով:
Նոր էլեկտրահաղորդման գծի շնորհիվ Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 200 ՄՎտ-ից նախատեսվում է առաջին փուլում հասցնել 350, հետագայում, ելնելով տարածաշրջանային շուկայի պահանջարկից, մինչև 1050 ՄՎտ-ի:
Մինչև Իրան–Հայաստանը չկառուցվի, Հայաստան–Վրաստանը չի էլ մեկնարկի
Էներգետիկ փորձագետ Արթուր Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադառնալով էներգետիկ ծրագրի նպատակին` հիշեցրեց, որ այն Հյուսիս–հարավ էներգետիկ միջանցքի մի մասն է, որի առաջին փուլը Իրան–Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունն է, որը ևս մի քանի տարով ուշացել է սահմանված ժամկետից։
«Մինչև Իրան–Հայաստանը չավարտի, Հայաստան–Վրաստանը չի էլ իրականացվի, քանի որ այդ ծրագիրը պետք է իրականացվի Իրան–Հայաստան էներգետիկ ուղղության ծրագրի ավարտից հետո։ Պաշտոնական հայտարարությունների համաձայն` Իրան–Հայաստան էլեկտրահաղորդման գծի կառուցումը նախատեսվում է ավարտել 2023թ–ի վերջին։ Բացի այդ, նախատեսվում է նաև «Նորավան» ենթակայանի կառուցումը, որը դեռ չի էլ մեկնարկել։ Այսինքն` եթե հավատանք պաշտոնական տեղեկատվությանը, որ Իրան-Հայաստանը կավարտվի 2023թ–ին, դա նշանակում է, որ Հայաստան–Վրաստանը կմեկնարկի միայն 2024թ–ին»,– ասաց Ավետիսյանը։
Նման ուշացումների ու աշխարհաքաղաքական իրավիճակի արագ փոփոխության պայմաններում փորձագետը չի բացառում, որ Վրաստանի հետ նոր էլեկտրագիծն ընդհանրապես չի կառուցվի, օրինակ` տեխնիկատնտեսապես անհրաժեշտ չլինելու պատճառաբանությամբ։
Տարածաշրջանային էներգետիկ շուկայում տեղ գրավելու կամ առնվազն սեփական դիրքը պահպանելու համար, փորձագետի դիտարկմամբ, ամենալուրջ խնդիրն այսօր Հայաստանի համար ենթակառուցվածնքերի բացակայությունն է։
Նշենք, որ Իրանից Հայաստան մատակարարված գազի յուրաքանչյուր 1 խմ–ի դիմաց Հայաստանը Իրանին 3 կՎտ/ժ հոսանք է մատակարարում։ «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի համաձայն Իրանը Հայաստանին պետք է 1 մլրդ խմ գազ մատակարարեր և փոխարենը 3 մլրդ կՎտ.ժ էլեկտրաէներգիա ստանար։ Մինչդեռ, ներկա հզորությունների պայմաններում, փոխանակման իրական ծավալները եռակի նվազ են։
Բացի այդ, Իրանի հետ պայմանագրի ժամկետն ավարտվում է 2026թ–ի հունվարին, և այն, որոշ փորձագետների համոզմամբ, երկարացնելու առիթ Իրանը չունի, քանի որ Ռուսաստանն այդ երկրում երկու ատոմային բլոկ է կառուցում, որոնց շահագործումը նախանշված է 2026թ–ին։
Վրաստանը, որ ևս նախկինում Հայաստանից բարտերային հիմունքներով էլեկտրաէներգիա էր ստանում, 2019թ–ից սկսած Հայաստանից էլեկտրաէներգիա չի ներկրել, քանի որ իր երկրում արտադրված էլեկտրաէներգիան 40 տոկոսով ավելի էժան է Հայաստանում արտադրվածից։ Բացի այդ, Վրաստանը ոչ միայն ինքնաբավ է դարձել, այլ նույնիսկ արտահանող երկիր է` Ադրբեջանի հետ համատեղ 50/50 մասնաբաժնով էլեկտրաէներգիա արտահանելով դեպի Թուրքիա։
Թուրքիան իր հերթին նույնպես առաջիկայում կհրաժարվի էլեկտրաէներգիա ներկրելուց ու ինքը կսկսի արտահանել։ Ռուսաստանը Թուրքիայում՝ Միջերկրական ծովի ափին, 4 ատոմային էներգաբլոկ է կառուցում` յուրաքանչյուրը 1200 ՄՎտ հզորությամբ։ Դրանցից առաջինը կգործարկվի 2023թ–ին, վերջինը` 2026–ին (տարեկան 1 բլոկ)։ Արդյունքում Թուրքիան 2026թ–ից հետո կդառնա տարածաշրջանում էլեկտրաէներգիա արտահանող ամենախոշոր երկիրը։
Այսպիսով` Հայաստանը ոչ միայն էլեկտրաէներգիա արտահանող երկրի իր դիրքերը կորցնելու ռեալ վտանգի առաջ է, այլև կարող է վերածվել ներկրող երկրի։
2021թ–ին Հայաստանը էլեկտրաէներգիա արտահանող երկրից վերածվեց ներկրողի
Էլեկտրաէներգիա ներկրելու առաջին դառը փորձը Հայաստանն ունեցավ 2021թ–ին, երբ 2020-ի համեմատ Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները նվազեցին 25.3 տոկոսով, ներմուծումը` ավելացավ 15 տոկոսով։ Դրա հիմնական պատճառներից մեկը, Արթուր Ավետիսյանի համոզմամբ, 44-օրյա պատերազմն էր ու Ադրբեջանի կողմից Արցախի որոշ շրջանների օկուպացիան։
«Այս մասին շատ չի խոսվում, բայց մինչ այդ Հայաստան մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա էր առաքվում Արցախից։ Հիմա պատկերը հակառակն է` հասկանալի պատճառներով Հայաստանն է Արցախին էլեկտրաէներգիա մատակարարում»,– ասաց Ավետիսյանը։
Թերևս նաև սա է պատճառը, որ 2022թ–ի հունվար– հոկտեմբերին էլեկտրաէներգիայի արտադրությունը ՀՀ–ում ավելացել է 16.8 տոկոսով։
ՀՀ–ն դուրս է մնում տարածաշրջանի էներգետիկ ծրագրերից. դիվանագիտությունը կաղում է
Արթուր Ավետիսյանի դիտարկմամբ` Հայաստանն արդեն դուրս է մնացել Էլեկտրաէներգետիկ ոլորտում տարածաշրջանային մրցակցությունից։ Եվ խնդիրը ոչ միայն հզորությունների ու ենթակառուցվածքների բացակայության, այլ ավելի շատ քաղաքական առաջնահերթությունների մեջ է։
Օրինակ` Հայաստանը դուրս է մնացել Սև ծովի հատակով կառուցվող ապագա էլեկտրահաղորդման գծի ծրագրից, որի շուրջ 2022թ–ի դեկտեմբերի 17-ին Ադրբեջանը, Վրաստանը, Հունգարիան և Բուլղարիան հուշագիր ստորագրեցին։
Փորձագետը կարծում է, որ, թեև ծրագրում արդեն ներգրավված է Ադրբեջանը, բայց Հայաստանի համար ևս դռները փակ չեն։ Ըստ նրա, Հայաստանը կարող է այս ֆորմատում աշխատել Վրաստանի հետ` որպես տարանցող երկրի, ինչպես նաև` ԵՄ–ի հետ այս հարցում կոնսենսուս ձեռք բերել։
Արթուր Ավետիսյանի գնահատմամբ` Հայաստանի իշխանությունն այսօր չունի էներգետիկ դիվանագիտություն, ի տարբերություն Ադրբեջանի, որը շատ բարեհաջող էներգետիկ դիվանագիտություն է բանեցնում` ամրապնդելով իր դիրքերը միջագային տարբեր էներգետիկ ֆորմատներում։
Այդուհանդերձ, էներգետիկ փորձագետն արձանագրում է, որ դեռևս կան երկրներ` Իրանը, Հնդկաստանը, որոնց համար քաղաքական ներկա իրավիճակը հաշվի առնելով՝ Հայաստանի հետ էներգետիկ համագործակցությունը նախընտրելի է։ Բայց նման գործընկերներ չկորցնելու համար Հայաստանը ևս պետք է համապատասխան քայլեր անի։
«Մեր գլխավոր խաղաքարտը այդ գործընկեր պետությունների կամ այն երկրների հետ համագործակցելն է, որոնք չեն ուզում, որ թյուրքական աշխարհը վերջնականապես գրավի այս տարածաշրջանն ու վերջնականապես ընդլայնվի։ Խոսքը վերաբերում է Իրանին, ՌԴ–ին, Հնդկաստանին, Վրաստանին, քանի որ Վրաստանի ներկա իշխանությունը փորձում է որոշ քայլեր անել և այնքան պրոթյուրքական չէ, որքան նախորդը։ Հետագայում հնարավոր է աշխատել նաև Չինաստանի հետ»,– կարծում է Ավետիսյանը։
Շինարարական նախագծեր մշակելուց առաջ փորձագետը կարևորում է նախ բարեկամ պետությունների հետ էներգետիկ համագործակցության զարգացումը, ընդհանուր շահերի վրա հիմնված ծրագրերին անդամակցությունը։
«Այն բոլոր ծրագրերը, որոնք պլանավորվել են, մեր պետության ռազմավարական փաստաթղթերը, որ մշակվել են ու հիմա էլ նախատեսված են` գոնե թղթի վրա, մշակվել են տարածաշրջանի ու աշխարհաքաղաքական իրողությունները հաշվի առնելով։ Միգուցե հիմա ամեն ինչ շատ խառն է, բայց խաղացողների շահերը, այդ թվում և Հայաստանի, չեն փոխվել։ Ուղղակի հիմա ամեն ինչ շատ ավելի արագ է ընթանում։ Մենք ևս պետք է աշխատենք մեր շահերը համադրելու ու առաջ մղելու ուղղությամբ»,– նկատում է մեր զրուցակիցը։
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության վերջին նիստում ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը նշեց, որ Հայաստանից դեպի Իրան և Վրաստան էլեկտրահաղորդման գծերի թողունակության ավելացման և ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկայի գործարկման արդյունքում ՀՀ էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների համար լայն հնարավորություններ կստեղծվեն նաև անդրսահմանային առևտրի համար։
ՀՀ էներգետիկ շուկայի ազատականացման արդյունքում Հայաստան էլեկտրաէներգիայի արտահանումն ու ներկրումն այլևս չի լիցենզավորվում, մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող բոլոր ընկերությունները ինքնաբերաբար էլեկտրաէներգիա արտահանելու և ներկրելու իրավունք են ստանում։