«Գյումրու արիստոկրատը» հայտնվել է միջազգային լուսանկարչական մրցույթի լավագույնների ցանկում

Պայմանագրային զինծառայող Էդուարդ Հովհաննիսյանն իր հոբբիի միջոցով փորձում է նպաստել հայրենի քաղաքի հանրահռչակմանը:
Sputnik
«Գյումրու արիստոկրատ» խորագրով լուսանկարը «35 AWARDS» միջազգային մրցույթում 130 երկրներից ներկայացված 49 000 աշխատանքների մեջ ընտրվել է «Թոփ 7 տոկոսում»։
Լուսանկարի հեղինակը պայմանագրային զինծառայող Էդուարդ Հովհաննիսյանն է, հերոսը` Արամ Փափազյանը, որը Լիբանանից տեղափոխվել է Հայաստան մշտական բնակության։
Տպավորիչ և հմայիչ․ 2022 թվականի տիտղոսակիր գեղեցկուհիների լուսանկարները
Լուսանկարչությունն Էդուարդի համար հոբբի է։ Նա 2015 թվականից անցկացվող միջազգային «35 AWARDS» ամենամյա մրցույթի մասին ընկերոջից է իմացել ու մրցույթին մասնակցելու համար հինգ լուսանկար ուղարկել։ Արդյունքում «Գյումրու արիստոկրատը» «Փողոցային դիմանկար» անվանակարգում հայտնվել է «Թոփ 7 տոկոսում», իսկ էդուարդն արժանացել «Թոփ 28 տոկոսի»` որպես լուսանկարիչ:
Էդուարդ Հովհաննիսյանի ստացած վկայագիրը
Էդուարդ Հովհաննիսյանը մասնագիտությամբ մանկավարժ է, աշխարհագրագետ։ Ներկայում պայմանագրային զինծառայող է։ Արդեն ավելի քան տասը տարի է, ինչ նա ազատ ժամանակ Գյումրու փողոցներում լուսանկարում է հետաքրքիր ու տարբերվող մարդկանց: Սկզբում հիմնականում գյումրեցիներն էին հայտնվում նրա օբյեկտիվում, իսկ հիմա լուսանկարում է նաև քաղաք այցելած զբոսարջիկների:
Էդուարդ Հովհաննիսյան
«Պատահական արված լուսանկարներն ավելի գրավիչ են, քան այսպես կոչված «պասպորտի» համար արված լուսանկարները: Սկզբում եկեղեցում ՝ պատարագի ժամանակ էի լուսանկարում, հետո մեր «Շիրակ« ֆուտբոլային ակումբի խաղերի ժամանակ` մարդկանց հույզերը, իսկ հետո արդեն փողոցային դիմանկարների շարքը սկսեցի»,-պատմում է էդուարդը։
Ասում է` փողոցում է լինում հատկապես շաբաթ և կիրակի օրերին։ Օրական մոտ 600-700 լուսանկար է անում, որոնց մի փոքր մասն է միայն հրապարակում։
Էդուարդ Հովհաննիսյան
«Հեշտ չէ Գյումրիում լուսանկարել. շատերը բարդույթներ ունեն։ Ավելի հեշտ է զբոսաշրջիկի լուսանկարել, թեև տարիների փորձն օգնում է՝ արդեն գիտեմ` ում նկարել, որ խնդիր չլինի: Որպես գյումրեցի` իմ առաջնային նպատակը Գյումրին ճանաչելի դարձնելն է դրսում, դրա համար էլ հիմնականում լուսավոր նկարներ եմ անում, թեև զուգահեռ երբեմն նաև Գյումրու հակառակ կողմն եմ ցույց տալիս՝ տնակային ավաններ ու սոցիալական վիճակ»,-ասում է Էդուարդը։
Ստորջրյա լուսանկարչությունից մինչև նորաձևություն. ինչ է փնտրում գյումրեցի լրագրողը ջրի տակ
Էդուարդը հաջորդ տարի ևս կմասնակցի մրցույթին՝ արդեն ավելի հստակ գիտենալով մրցութային պահանջները:
Մինչ այդ կշարունակի աշխատանքից հետո Գյումրու փողոցներում լուսանկարել մարդկանց: