Արցախից Հայաստան ևս 3 հիվանդ է տեղափոխվել. նրանցից մեկը 2 ամսական երեխա է

Հիվանդները տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Արցախից Հայաստան ևս երեք հիվանդ է տեղափոխվել, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ բժիշկների հսկողության տակ գտնվող հիվանդները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։
«Տեղափոխված հիվանդներից մեկը 2 ամսական «Դաունի համախտանիշով» երեխա է, իսկ մյուս երկուսը՝ «Աջ ուսահոդի շրջանի կիստա՝ բարդացած ինֆեկցիայով» և «Սուր լեյկոզ» ախտորոշումներով չափահաս բուժառուներ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ից ի վեր 10 հիվանդ էր Արցախից տեղափոխվել ՀՀ տարբեր ԲԿ–ներ։
Դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։