ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Այս պահին Արցախի «Արևիկ» բուժմիավորումում 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Հանրապետական բժշկական կենտրոնում 13 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ Լաչինը փակ լինելու պատճառով Արցախի բուժհաստատություններում պլանային վիրահատությունները դեռևս դադարեցված են։
Մինչ օրս Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխել ընդհանուր 13 հիվանդի, որոնցից երկուսը 4 և 2 ամսական երեխաներ են:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ից ի վեր 10 հիվանդ էր Արցախից տեղափոխվել ՀՀ տարբեր ԲԿ–ներ։
Դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։