Զելենսկին մերժել է սուրբծննդյան հրադադարի առաջարկը

Ուկրաինայի նախագահը կարծում է, որ Մոսկվայի առաջարկը ճակատում «դադար» վերցնելու փորձ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Վլադիմիր Զելենսկին մերժել է սուրբծննդյան զինադադարի մասին Մոսկվայի առաջարկը` այն անվանելով քողարկում առաջնագծում ռուսական դիրքերի ամրապնդման համար։
Ավելի վաղ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն առաջարկել էր սուրբծննդյան հրադադար հաստատել հունվարի 6-ի ժամը 12:00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24:00-ն: Դրանից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հանձնարարել էր նշված ժամանակահատվածում հրադադարի ռեժիմ սահմանել Ուկրաինայում մարտական շփման գծի ողջ երկայնքով։ Նախագահի հանձնարարականի համաձայն՝ հրադադարի մասին հրամանագիրը տրվել է զորքերին։
«Այժմ Ռուսաստանն ուզում է Սուրբ ծնունդն օգտագործել որպես քողարկում, որ գոնե կարճ ժամանակով դադարեցնի Դոնբասում մեր տղաների առաջխաղացումը և մեր դիրքերին մոտեցնի տեխնիկան, զինամթերքը և մոբիլիզացվածներին», - ասել է Զելենսկին ուկրաինացի ժողովրդին ուղղված տեսաուղերձում:
Նրա խոսքով՝ Մոսկվան, իբր, օգտագործում է դա որպես դադար՝ ռազմական գործողությունները «նոր ուժով» շարունակելու համար։
Էրդողանը Պուտինի հետ զրույցում կոչ է արել արդար որոշում կայացնել Ուկրաինայի հարցում
Մեկնաբանելով զինադադարից Կիևի հրաժարվելը՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին նշել է, որ ուկրաինական կողմը պատրաստ է զոհաբերել իր ժողովրդին ու երկիրը հանուն Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերի:
«Սա ևս մեկ հիշեցում է, թե ում հետ է Ռուսաստանը կռվում Ուկրաինայում՝ անողոք հանցագործ ազգայնականների դեմ, որոնք պատրաստ են իրենց երկիրն ու ժողովրդին զոհաբերել հանուն արևմտյան աշխարհաքաղաքական խաղերի, որոնք հարգանք չունեն սրբությունների հանդեպ», – նշել է Պոլյանսկին։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 315-րդ օրը։