Թուրքիան և Հայաստանը որոշել են վերացնել ուղիղ բեռնատար ավիափոխադրումների խոչընդոտները. ԶԼՄ

Boeing 777
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Թուրքիան և Հայաստանը բանակցությունների ընթացքում որոշում են կայացրել վերացնել ուղիղ բեռնատար ավիափոխադրումների խոչընդոտները, հայտնել է Habertürk հեռուստաալիքը ՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին:
«Դիվանագիտական աղբյուրների համաձայն ՝ երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների միջև բանակցությունների արդյունքում վերացվել են Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ բեռնափոխադրման խոչընդոտները, որը հնարավոր է դարձել 2023 թվականի հունվարի 1-ից։ Աղբյուրները հայտնել են, որ այդ որոշման մասին Թուրքիայի առևտրի նախարարությունը տեղեկացրել է թուրք արտահանողների ասոցիացիային», - հայտնել Է հեռուստաալիքը։
Հիշեցնենք, որ թուրքական ԶԼՄ-ները 2022 թվականի դեկտեմբերին սկզբին գրում էին, որ տարեվերջին պետք է երկու երկրների միջև օդային բեռնափոխադրումներ սկսվեն։ Սա ենթադրում է, որ այժմ թուրքական ապրանքներն ուղիղ կհասնեն Հայաստան:
Նշենք, որ չնայած Հայաստանի ու Թուրքիայի միջև ընդհանուր սահմանին` դիվանագիտական հարաբերություններ չկան։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրի ԱԳ նախարարները ստորագրեցին դրանք հաստատելու մասին արձանագրություններ, սակայն այդ փաստաթղթերը կողմերը չվավերացրին։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարեց արձանագրությունների չեղարկման մասին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին Վիեննայում։
Իսկ 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում հանդիպեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։