Թուրքական կողմը Երևանին հայտնել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է

Վահան Հունանյան. Արխիվային լուսանկար
Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը 2022թ. հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Թուրքական կողմը տեղեկացրել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է: Ի պատասխան Sputnik Արմենիայի հարցի՝ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Իրապես, թուրքական կողմն այսօր մեզ տեղեկացրել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է: Ցանկանում ենք հիշեցնել, որ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը 2022թ. հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր: Ակնկալում ենք, որ մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը, նույնպես շուտափույթ կյանքի կկոչվի»,-ասել է Հունանյանը։
Ավելի վաղ Habertürk հեռուստաալիքը ՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին հայտնել էր, որ Թուրքիան և Հայաստանը բանակցությունների ընթացքում որոշում են կայացրել վերացնել ուղիղ բեռնատար ավիափոխադրումների խոչընդոտները։
Հիշեցնենք, որ թուրքական ԶԼՄ-ները 2022 թվականի դեկտեմբերին սկզբին գրում էին, որ տարեվերջին պետք է երկու երկրների միջև օդային բեռնափոխադրումներ սկսվեն։ Սա ենթադրում է, որ այժմ թուրքական ապրանքներն ուղիղ կհասնեն Հայաստան:
Նշենք, որ չնայած Հայաստանի ու Թուրքիայի միջև ընդհանուր սահմանին` դիվանագիտական հարաբերություններ չկան։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրի ԱԳ նախարարները ստորագրեցին դրանք հաստատելու մասին արձանագրություններ, սակայն այդ փաստաթղթերը կողմերը չվավերացրին։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարեց արձանագրությունների չեղարկման մասին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ 2022-ի հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին Վիեննայում։
Իսկ 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում հանդիպեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։