ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերին է ներկայացրել դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ահագնացող հումանիտար իրավիճակը:
Այս մասին հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։
Հունվարի 6-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նախարար Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի գործողություններն ուղղված են Լեռնային Ղարաբաղում 120 հազար արցախահայությանն էթնիկ զտմանը ենթարկելուն:
Ընդգծելով, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները` ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է միջազգային հանրության հստակ քայլերը` ուղղված Լաչինի միջանցքի բնականոն աշխատանքի վերականգնմանը և հումանիտար աղետի կանխարգելմանը:
Հիշեցնենք` 2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։