ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շնորհավորել է Արևելյան եկեղեցիների ուղղափառ և կաթոլիկ հավատացյալներին Քրիստոսի Ծննդյան տոնի կապակցությամբ: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Սրտանց շնորհավորանքներ եմ հղում Արևելյան եկեղեցիների համայնքներին, ինչպես կաթոլիկ, այնպես էլ ուղղափառներին, որոնք վաղը նշելու են Տիրոջ Սուրբ Ծնունդը», - ասել է քահանայապետը՝ Առաքելական պալատի պատուհանից դիմելով հավատացյալներին Աստվածահայտնության տոնի կապակցությամբ, որն այսօր նշում է Հռոմի կաթոլիկ եկեղեցին:
Ավելի վաղ Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոսի տաճարում գլխավորել է Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված պատարագը:
Հռոմեակաթոլիկ եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդը դեկտեմբերի 25-ին, Հայաստանում`հունվարի 6-ին, Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում այն նշում են հունվարի 7-ին։