«France 24» հեռուստաալիքը ՔԱԿ-ի մասին իր սյուժեում Թուրքիայի մի մասը «Քրդստան» է անվանել

ՔԱԿ–ի անդամներ. արխիվային լուսանկար
Թուրքիայում ֆրանսիական հեռուստաալիքի սյուժեն սկանդալի թեմա է դարձել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Ֆրանսիական «France 24» հեռուստաալիքը Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) մասին իր սյուժեում Թուրքիայի մի մասը «Քրդստան» է անվանել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Milliyet» թերթին:
«Ֆրանսիական «France 24» հեռուստաընկերությունը սկանդալային սյուժե է ցուցադրել։ Հատուկ պատրաստված լուրերում Թուրքիայի մի մասը ցուցադրվել է որպես «այսպես կոչված Քրդստան»։ Սկանդալը դրանով չի ավարտվել։ Ահաբեկչական ՔԱԿ-ը ներկայացվելէ այնպես, կարծես ահաբեկչական է ճանաչվել միայն Թուրքիայի կողմից։ Չի նշվել, որ այն ներառված է նաև Եվրամիության ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: Բացահայտ ցուցադրվել է, որ աջակցում են ահաբեկչական կազմակերպությանը», - գրում է պարբերականը։
Հիշեցնենք` Թուրքիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ զինված հակամարտությունը սկսվել է 1984 թվականին, վերսկսվել` 2015-ին։ Իրաքի հյուսիսում գտնվում են ՔԱԿ-ի բազաները, որոնց դեմ Թուրքիայի զինված ուժերը օդային և ցամաքային գործողություններ են իրականացնում։
Դեկտեմբերի 24-ին հազարավոր քրդեր Փարիզում ցույցի էին դուրս եկել ի հիշատակ քրդական համայնքի` դեկտեմբերի 23–ին սպանված երեք ներկայացուցիչների, ինչպես նաև 2013-ի հունվարին սպանված երեք ակտիվիստների։
Ինչ-որ պահի ցուցարարները հարձակվել էին անցնող մեքենաների վրա և սկսել ավերածություններ անել։ Ծեծկռտուք էր բռնկվել հենց ցուցարարների միջև։ Այնուհետև նրանք սկսել էին փակել փողոցները՝ ձեռք ձեռքի բռնած և շղթաներ կազմելով։
Ավելի ուշ իրավիճակը թեժացել էր. ցուցարարները սկսել էին վնասել կանգառները, շրջել մեքենաները, հրկիզել աղբամանները։
Ոստիկանությունն արցունքաբեր գազ էր կիրառել մարդկանց ցրելու համար։