ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Ուկրաինայի համար նախատեսված ամերիկյան օգնության նոր փաթեթում «Sea Sparrow» զենիթային հրթիռներ կլինեն։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Politico» թերթին։
«Փաթեթում առաջին անգամ կներառվեն ռադիոտեղորոշմամբ «Sea Sparrow» հակաօդային հրթիռները, որոնք կարելի է ծովից կամ ցամաքից արձակել ինքնաթիռներ կամ թևավոր հրթիռներ կալանելու համար», - նշված է հրապարակման մեջ:
Ըստ պարբերականի աղբյուրների` ուկրաինացի զինվորականներին հաջողվել է իրենց «Բուկ» արձակման կայանքները հարմարեցնել «Sea Sparrow» հրթիռներին։
Պենտագոնն ավելի վաղ հաստատել էր, որ ամերիկյան ռազմական օգնության նոր փաթեթում «Bradley»» հետևակի մարտական մեքենաներ կներառվեն։ Տեղական ԶԼՄ-ներն էլ հայտնել էին, որ փաթեթի արժեքը կկազմի ռեկորդային 3 մլրդ դոլար։
Ավելի վաղ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի երկրներին նոտա էր հղել Ուկրաինային զենք մատակարարելու համար։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։