ՌԱԴԻՈ

Որոշ պետական գործիչներ նախընտրել են Նոր տարին Ջերմուկում դիմավորել. քաղաքապետ

Հունվարի 7–ից հետո, երբ վերջանան տուր փաթեթները, առողջարանային քաղաքը կրկին կդատարկվի և կարող է կանգնել նույն խնդրի առջև` ունենալ հանգստյան տների զբաղվածության խնդիր։
Sputnik
Ջերմուկում ադրբեջանական հրետակոծությունից հետո (սեպտեմբերին) թեպետ հյուրանոցներն ու առողջարանները զբաղեցված լինելու խնդիր ունեին, սակայն Ամանորին առողջարանային քաղաքը զբոսաշրջիկների պակաս չի ունեցել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը։
«Ամանորը շատ լավ է անցել, խոշոր հանգստյան տներում հարյուր տոկոսով ծանրաբեռնվածություն է եղել, իսկ համեմատաբար փոքր, առանց բուժական ծառայությունների հյուրատներում`մոտ 70-80 տոկոս»,–ասաց քաղաքապետը։
Նրա խոսքով` այս ընթացքում հիմնականում հյուրանոցները զբաղեցրել են տեղացիները, ինչպես նաև Երևանում ապրող ՌԴ քաղաքացիները։
«Նոր տարին նախընտրել են Ջերմուկում դիմավորել նաև պետական գործիչներ` իրենց ընտանիքներով, սակայն անուններ չեմ նշի։ Ու ես հորդորում եմ, որ բոլորն էլ ինչ–որ առումով իրենց ներդրումն ունենան, գան այստեղ հանգստանան, որ առաջվա Ջերմուկը վերականգնվի»,–ասաց Արսենյանը` վստահեցնելով, որ որևէ վտանգ չկա, տևական ժամանակ է հանգիստ իրավիճակը դիրքերում,և կրակոցներ չկան։
Քաղաքապետը կարծում է, որ հունվարի 7–ից հետո, երբ վերջանան տուր փաթեթները, առողջարանային քաղաքը կրկին կդատարկվի և կարող է կանգնել նույն խնդրի առջև`ունենալ հանգստյան տների զբաղեցվածության խնդիր։
«Մեր քաղաքը միայն հանգստացողների կարիք ունի»,–հավելեց Արսենյանը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։