«Թավշյա ապահարզան». ուղիղ 30 տարի առաջ Եվրոպայի կենտրոնում ստեղծվեց երկու նոր պետություն

Պրահա
Sputnik
Եկեք անկեղծ լինենք։ Շատ քչերն են այսօր պատկերացնում, թե ինչպես են միմյանց կողքին հաշտ ու խաղաղ ապրելու հայերն ու ադրբեջանցիները, նույնիսկ եթե այս տարի հնարավոր լինի խաղաղության համապարփակ համաձայնագիր կնքել, որն այդպես էլ չհաջողվեց ստորագրել 2022 թվականին։
Ավելին, կարելի է ենթադրել, որ հայաստանցիների և արցախցիների մի զգալի մասը նաև չի հավատում, որ Ադրբեջանի այս իշխանություններն ընդհանրապես կհարգեն որևէ պայմանագիր և իսպառ կհրաժարվեն ուժի կիրառումից։ Համենայնդեպս, արդեն գրեթե մեկ ամիս տևող շրջափակումը, որը կիրառվում է 120 հազար արցախցիների նկատմամբ, որևէ լավատեսական ենթադրության առիթ չի տալիս։ Ճիշտ հակառակը։
Եվ այնուամենայնիվ, նույնիսկ ամենածանր իրավիճակներում մարդ չի կորցնում հույսը և փորձում է դրական օրինակներ գտնել։ Հեռու չգնանք. ուղիղ երեսուն տարի առաջ, երբ Արցախում, որն ուզում էր անկախանալ Ադրբեջանից, թեժանում էին ռազմական գործողությունները, Եվրոպայի ամենակենտրոնում տեղի ունեցավ այսպես կոչված «թավշյա ապահարզանը». Չեխոսլովակիան բաժանվեց, և ստեղծվեցին երկու նոր պետություններ՝ Չեխիան և Սլովակիան։ Իհարկե, հիմա կասեք՝ դե դա քաղաքակիրթ Եվրոպան է։ Կներե՛ք, այդ ձեր ասած քաղաքակիրթ Եվրոպայում նույն տարիներին անկախության համար արյունալի պատերազմներ էին ընթանում, որոնց զոհերի թիվը միայն Բոսնիայում կազմել է մոտ 200 հազար մարդ։ Բայց եկեք չշեղվենք դրական օրինակից։
Միանգամից ասեմ, որ ըստ սոցիոլոգիական հարցումների, չեխերի և սլովակների ավելի քան 60 տոկոսը դեմ էր միասնական երկրի տրոհմանը։ Բայց, ինչպես միշտ, վճռորոշ դեր խաղացին այն լիդերների արմատական հորդորները, որոնք ձգտում էին ներկայանալ որպես իրենց ազգի շահերի հավատարիմ պաշտպաններ և լիակատար անկախության ջատագովներ։ Ինչ արած, մենք հո լավ գիտենք՝ ժողովրդի մի զգալի մասն այնքան էլ չի ընկալում չափավորական գործիչների տրամաբանված փաստարկները, սովորաբար գերադասում է ծայրահեղական կոչերը՝ հայրենասիրական գեղեցիկ փաթեթավորմամբ։
Գիտե՞ք, երբ հերթական անգամ լսում եմ որոշ քաղաքական գործիչների, որոնք ասում են՝ ի՞նչ նշանակություն ունի, որ հիմա հայերն ու ադրբեջանցիները չեն կարողանում լեզու գտնել, Գերմանիան և Ֆրանսիան էլ դարերով պատերազմել են, բայց այժմ «շոկոլադե» հարաբերություններ ունեն, միշտ հիշում եմ մի էսպիսի դրվագ։ 1992-ի վերջին, երբ Արցախում իսկական պատերազմ էր ընթանում, Չեխոսլովակիայում «գծիկի պատերազմն» էր թեժանում։ Այո-այո, հենց գծիկի։ Այն սլովակները, որոնք այնուամենայնիվ ցանկանում էին պահպանել միասնական պետությունը, առաջարկում էին երկրի պաշտոնական անունը գրել գծիկով՝ Չեխո-Սլովակիա, որպեսզի բոլորը հասկանային, որ խոսքը նույն պետության երկու իրավահավասար մասերի մասին է, որոնցից որևէ մեկը մյուսի ածանցյալը չի։ Չեխերը դեմ էին և պնդում էին, որ եթե երկիրը միասնական է՝ ունիտար, նրա անվանումը ոչ մի գծիկ էլ չպիտի ունենա։
Այսինքն` 1992-ին, երբ Ղարաբաղում կռիվ էր ընթանում Շուշիի համար, որը հետագայում «դժգույն ու դժբախտ» որակվեց, Չեխոսլովակիայում պայքարում էին կետադրական նշանի համար։ Եվ այդ պայքարն այնքան կատաղի էր, որ ի վերջո պետությունը քանդվեց։ Նախագահ Վացլավ Հավելն էլ Միխայիլ Գորբաչովի նման հրաժարական տվեց։ Երկուսի դեպքում էլ նույն իրողությունն էր՝ այլևս գոյություն չունեին այն պետությունները, որոնք նրանք ղեկավարում էին։ Բայց տարբերությունն էլ հսկայական էր։ Գորբաչովը հետագայում փորձեց դառնալ Ռուսաստանի նախագահ, բայց խայտառակ պարտություն կրեց, իսկ Վացլավ Հավելն ընտրվեց և երկար տարիներ զբաղեցրեց Չեխիայի նախագահի պաշտոնը՝ վայելելով հանրության հարգանքը։
Եթե հիմա հարցնեք չեխերին և սլովակներին՝ արդյոք բաժանվելը ճի՞շտ էր, մեծ մասը կրկին կպատասխանի՝ ո՛չ, պիտի պահպանեինք միասնական երկիրը։ Բայց չնայած Չեխիան և Սլովակիան առանձնացան մեկը մյուսից, երկուսն էլ պահպանեցին, այսպես ասենք՝ զարգացման ընդհանուր վեկտորը։ Երկուսն էլ Եվրոպայի խորհրդի և ՆԱՏՕ-ի անդամ են, երկուսն էլ անդամակցում են Եվրամիությանը, իսկ դա նշանակում է, որ ինչպես և Չեխոսլովակիայի գոյության տարիներին, նրանց միջև փաստորեն սահմաններ չկան։ Ու դա էլ է նպաստում սերտ համագործակցությանը և բարի հարաբերությունների պահպանմանը։
Այսօր, երբ մենք՝ հայերս, չափազանց ծանր վիճակում ենք հայտնվել, ավելի ու ավելի հաճախ է հնչում այն միտքը, թե մենք էլ չեխերի ու սլովակների պես կարող էինք հաշտ ու խաղաղ ապրել ադրբեջանցիների հետ, եթե ժամանակին կոպիտ սխալներ չգործեինք։ Միգուցե։ Բայց նաև միշտ հիշում եմ չեխ հրաշալի գրող Միլան Կունդերայի խոսքը. «Երբ ճակատամարտը պարտությամբ է ավարտվում, բոլորը սկսում են պատժիչ արշավներ կազմակերպել դեպի անցյալը՝ մեղավորներին որսալու համար»։
Ֆրանսիան ցանկանում է պահպանել Ռուսաստանի հետ շփումները. ԱԳՆ ղեկավար