ՇՀԿ-ն հավատարիմ է դաշինքներին չմիանալու սկզբունքին. գլխավոր քարտուղար

Գլխավոր քարտուղար Չժան Մինը կարծում է, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունը պետք է ձգտի, որ տարածաշրջանն ավելի անվտանգ դառնա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Շանհայի համագործակցության կազմակերպությունը հավատարիմ է դաշինքներին չմիանալու սկզբունքին և չի թիրախավորում երրորդ կողմերին: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՇՀԿ գլխավոր քարտուղար Չժան Մինը։
«Անկախ միջազգային փոփոխություններից և ՇՀԿ-ի «բարեկամների շրջանակի» ընդլայնումից, մենք միշտ հիշում ենք, որ համագործակցության կազմակերպություն ենք և հաստատակամորեն հավատարիմ ենք դաշինքներին չմիանալու սկզբունքին», - ասել է Չժան Մինը:
Պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է արդյոք ՇՀԿ-ն աստիճանաբար դառնալ տարածաշրջանային միավորում, որն ավելի մեծ ազդեցություն ու կողմնակիցներ կունենա Ասիայում, քան ԱՄՆ-ի գլխավորած դաշինքները, գլխավոր քարտուղարը նշել է, որ եթե խոսենք համեմատության ու մրցակցության մասին, ապա ՇՀԿ-ն համեմատում ու մրցում է միայն ինքն իր հետ:
«Մենք պետք է ձգտենք նրան, որ տարածաշրջանը լինի ավելի անվտանգ, քան նախկինում, որ մեր ժողովուրդներն ավելի լավ ապրեն, և որ մեր համագործակցությունը դառնա ավելի խորը, լայն և ամուր։ Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ ՇՀԿ-ն բաց է բոլոր երկրների և տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության համար», - ընդգծել է նա։
ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին։ Անդամներն են Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանն ու Ուզբեկստանը։ Դիտորդներն են Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը և Մոնղոլիան, գործընկեր երկրները` Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան և Շրի Լանկան:
Իրանը ՇՀԿ անդամ դառնալու նպատակով պարտավորությունների մասին հուշագիր է ստորագրել
2021-ի սեպտեմբերին Դուշանբեում կայացած ՇՀԿ-ի գագաթնաժողովում սկսվել է նաև Եգիպտոսին, Քաթարին և Սաուդյան Արաբիային երկխոսության գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու ընթացակարգը: Այս տարի Բելառուսը պաշտոնապես դիմել է ՇՀԿ-ին որպես լիիրավ անդամ միանալու համար: