ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Նորաստեղծ ներքին գործերի նախարարության ղեկավարությունը` նախարարն ու փոխնախարարները, կնշանակվեն հաջորդ շաբաթ։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձանագրելով, որ նախարարությունը դե յուրե արդեն ստեղծվել է, և այժմ ընթանում են դե ֆակտո կազմավորման գործընթացները։
«Ոստիկանության պետը և Փրկարար ծառայության պետը կլինեն ՆԳ նախարարի տեղակալները։ ՆԳ նախարարը կունենա նաև երկու այլ քաղաքացիական տեղակալ, որոնից մեկը կզբաղվի ոստիկանության և ՆԳՆ ռազմավարությունների մշակմամբ, մյուսը` քաղաքացիական մի հատվածի գործունեությունը համակարգելով»,– ասաց Փաշինյանը` չբացահայտելով ապագա պաշտոնյաների անձը։
ՀՀ կառավարության այսօր ընդունած որոշմամբ ՀՀ ներքին գործերի նախարարության ենթակայությանը հանձնվեցին ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և Միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը։
«Այս երեք հիմնական բլոկների վրա հիմնված կլինի ՆԳՆ–ն։ Սա շատ կարևոր և, ըստ էության, մասշտաբային փոփոխություն է մի քանի ուղղություններով»,– ասաց Փաշինյանը նախագծի քննարկման ժամանակ։
Վարչապետը շեշտեց, որ մինչ նոր նախարարության վերջնական ձևավորումն ԱԻՆ–ը 4 ամիս կշարունակի աշխատել որպես առանձին նախարարություն` արտակարգ իրավիճակներից խուսափելու համար։
Հիշեցնենք, որ ԱԺ–ն հաստատել է ՆԳՆ ստեղծելու օրենքի նախագիծը։ Նոր օրենքով նախատեսվում է, որ ոստիկանապետը կլինի ներքին գործերի նախարարի տեղակալը, միևնույն ժամանակ անվտանգության խորհրդի անդամ, իսկ ոստիկանության զորքերը կդառանան ոստիկանական գվարդիա՝ ավելի ընդլայնված գործառույթներով։