ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Հայաստանում առկա 144 սոցիալական կացարանից 21-ը, որոնց շահառուները խոցելի խմբերի ներկայացուցիչներն են, ներկայումս թափուր են: Այս ցուցանիշը հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2022թ.–ի գործունեության կատարողականի քննարկման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Բոլոր 21 կացարանները գտնվում են Մարալիկում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հստակեցրեց նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը ու պարզաբանեց, թե ինչու են այդ կացարանները թափուր. «Կան ընտանիքներ, որոնք չափորոշիչներին համապատասխանում են, բայց ցանկություն չունեն տեղափոխվել Մարալիկ, դրա համար էլ կացարանները թափուր են»։
2022թ.–ի գործունեության կատարողականի քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև ՀՀ–ում գործող մանկատներին։ Պատասխանատուները տեղեկացրել են, որ այս պահին մանկատներում բնակվում է 602 երեխա։
«602 երեխայից 510-ն ունեն հաշմանդամություն։ 127 անձ ունի պոլիատիվ խնամքի կարիք, 209 անձի 18 տարին լրացած է, ևս 105 երեխա բնակվում է խնամատար ընտանիքներում»,– ասված է հաղորդագրությունում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է հետևողականորեն շարունակել մանկատներում բնակվող երեխաների կրթության, կարողությունների զարգացման, խնամքի ծառայությունների որակի բարձրացման աշխատանքները:
«Դրանց նպատակն է, որպեսզի մարդը մանկատնից դուրս գալիս ունենա որոշակի հմտություններ, բազային կրթություն, որպեսզի հետագայում ինքնուրույն կյանք վարելու հնարավորություն ունենա»,- ասել է վարչապետը:
Անդրադարձ է կատարվել նաև ընտանեկան բռնության դեպքերի բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, թվայնացման միջոցով Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների գործունեության բարելավմանը և այլ հարցերի: