ԱՄՆ-ն կարող է որոշ չափով վերանայել իր մարտավարությունը Հարավային Կովկասում, որտեղ հիմնական շեշտադրումները ղարաբաղյան և հայ-ադրբեջանական ուղուց տեղափոխվում են Ռուսաստանի և Իրանի հետ առճակատման փուլ: Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ մեկնաբանելով դեսպան Ֆիլիպ Ռիքերի պաշտոնաթողությունը։
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտնել էր, որ ամերիկացի դիվանագետ Ֆիլիպ Ռիքերը լքում է Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ Պետքարտուղարության ավագ խորհրդականի պաշտոնը: Նա ընդգծել էր, որ Ռիքերի հեռանալը ոչ մի կերպ չի խախտում Հարավային Կովկասում անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ ու խաղաղ ապագա ապահովելու` Միացյալ Նահանգների դիրքորոշումը:
«Եթե Ֆիլիպ Ռիքերի փոխարեն ամերիկացի այլ պաշտոնյա ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահ չնշանակվի, ապա ԱՄՆ–ի քաղաքականության առաջնահերթություններում որոշակիորեն նվազելու է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարևորությունը, կամ Վաշինգտոնի կողմից ստեղծվելու են այլ գործիքներ։ Սովորաբար, երբ փոխվում են Մինսկի խմբի համանախագահները, դա որոշակիորեն նշանակում է ԱՄՆ–ի քաղաքականության շրջադարձ։ Այդ ինստիտուտի ստեղծման մոտիվները և ամերիկացի համանախագահի մանդատի ավարտը զուտ ֆորմալ առումով չեն համընկնում, որովհետև կոնֆլիկտը դեռևս կարգավորված չէ»,– նշեց Սուրենյանցը։
Նրա դիտարկմամբ` Ռիքերի պաշտոնաթողությունը, այդուհանդերձ, չի ազդի մեր տարածաշրջանում ամերիկյան ակտիվության վրա։ ԱՄՆ–ն դարձյալ փորձելու է հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին ակտիվորեն մասնակցել, մանավանդ որ պետքարտուղար Բիլինկենը ցանկություն է հայտնել մոտ օրերս հեռախոսազրույցներ ունենալ Բայրամովի ու Միրզոյանի հետ։
«Ամերիկյան կողմի համար առանձին վերցրած Լեռնային Ղարաբաղի խնդիր գոյություն չունի։ Ամերիկացիները մեր տարածաշրջանում խնդիր ունեն հակազդելու ռուս–իրանական հնարավոր դաշինքին։ Նրանք այդ մասին մի քանի անգամ բացահայտորեն ասել են, այսինքն` ամերիկացիները ոչ թե պասիվանալու են Հարավային Կովկասում, այլ իրենց քաղաքականության շեշտադրումներն են փոխելու, և ըստ այդմ զբաղվելու են ոչ այնքան հայ–ադրբեջանական խնդիրների կարգավորմամբ, որքան աշխատելու են ռուս–իրանական համագործակցության դեմ` հենց այդ համատեքստում դիտարկելով, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտությունը»,– ասաց մեր զրուցակիցը։
Նման զարգացումը, ըստ Սուրենյանցի, մեզ համար կլինի ամենավտանգավորը, որովհետև Հայաստանի համար ամենաիդեալական տարբերակը գործընկերներ ընտրելու հարցում պարտադրանքի առջև չկանգնելն է։
Քաղաքագետը հիշեցրեց, որ Հայաստանի անվտանգության հիմնական երաշխիքներից մեկը տարիներ շարունակ եղել է այն, որ մեր երկիրը կարողացել է հավասարակշռված հարաբերություններ ունենալ բոլոր կողմերի հետ։
«Եթե հայ–ամերիկյան հարաբերությունների բարելավման գինը լինելու է, օրինակ, Ռուսաստանի և Իրանի հետ հակամարտությունը, ապա դա կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ մեր երկրի համար։ Չմոռանանք, որ Ռուսաստանը մեր դաշնակիցն է, իսկ Իրանը՝ բարեկամ ու հարևան պետություն»,– նշեց Սուրենյանցը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը 2022 թվականի օգոստոսի վերջին դեսպան Ֆիլիպ Ռիքերին նշանակել էր Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական։ Ռիքերը պետք է կատարեր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի գործառույթները։ Այդ պաշտոնում գտնվելու ընթացքում Ռիքերը որպես միջնորդ այցելել է տարածաշրջան՝ Երևանի ու Բաքվի միջև երկխոսություն հաստատելու համար։