Ի՞նչ է անում ՀՀ ԱԳՆ–ն Արցախի հումանիտար խնդիրները լուծելու համար. խոսնակի պատասխանը

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է 2022–ի դեկտեմբերի 12–ից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի արդյունքում առաջացած խնդիրների հասցեագրման համար ԱԳՆ-ն մշտապես կապի մեջ է միջազգային տարբեր կառույցների հետ։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման առաջին իսկ օրվանից ՀՀ ԱԳՆ-ն և համապատասխան պետական գերատեսչությունները մշտապես կապի մեջ են միջազգային տարբեր կառույցների հետ»,– ասել է նա` պատասխալով հարցին, թե արդյոք ԱԳՆ-ն դիմել է ՄԱԿ–ի Պարենի համաշխարհային ծրագրին՝ արցախահայությանը օգնություն տրամադրելու խնդրով։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։