Հունվարի 9–ից դպրոցների մուտքերի մոտ բուժքույրերը ջերմաչափում կիրականացնեն. նախարար

ՀՀ առողջապահության նախարարի խոսքով` դպրոցների վերաբացվելուց հետո լինելու են հստակ ֆիլտրեր, իրականացվելու է բուժզննություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Հունվարի 9–ից դպրոցների մուտքերի մոտ բուժքույրերը ջերմաչափում կիրականացնեն։ Տեղեկությունը ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Գրիպով հիվանդանալու դեպքերը հիմա ավելի շատ են, քան Covid-ով. նախարար
Երեկ` հունվարի 4–ին, առողջապահության նախարարության ներկայացուցիչները հայտնեցին, որ Հայաստանում գրիպի և սուր շնչառական վարակների աճ է նկատվում հատկապես երեխաների շրջանում և կանխատեսվում է, որ հիվանդացությունների դեպքերը կաճեն, երբ դպրոցները հունվարի 9–ից վերաբացվեն։
«Այս պահի դրությամբ ԿԳՄՍ նախարարության գործընկերների հետ նախապատրաստվում ենք դպրոցների վերաբացմանը։ Լինելու են հստակ ֆիլտրեր, դպրոցների մուտքի մոտ բուժքույրները պետք է իրականացնեն բուժզննություն, ջերմաչափում, որպեսզի վստահ լինենք, որ հիվանդ երեխաները դպրոց չեն հաճախում»,–ասաց Ավանեսյանը։
Նախարարի խոսքով` դպրոցների վերաբացվելուց հետո իրենք կհետևեն երեխաների հաճախումներին, և եթե նկատեն, որ շատ երեխաներ չեն հաճախում դպրոց, ապա հետագա գործողությունները կկազմակերպեն ելնելով իրավիճակից։
Նշենք, որ այսօր ԿԳՄՍ նախարարության Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը Sputnik Արմենիային ասել էր, որ Հայաստանի բոլոր դպրոցներում Covid–ի փորձով կարող են պայքարել գրիպի և սուր շնչառական վարակների աճի դեմ, եթե դրա անհրաժեշտությունը լինի։
Այս պահի դրությամբ առողջապահության նախարարությունից դեռ ցուցում չունեն։
Հիշեցնենք` ըստ առողջապահության նախարարության տվյալների` հունվարի 3–ի դրությամբ Հայաստանի հիվանդանոցային բաժանմունքներում կա հոսպիտալացված 584 պացիենտ, որոնց 96 տոկոսը երեխաներ են։ Թոքաբորբով հոսպիտալացված 209 պացիենտներից 127–ը ևս երեխաներ են։ 47 երեխա գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում։ Հայաստանում գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակից (խոզի գրիպ) մահվան 2 դեպք է գրանցվել։