ՀՀ–ն սկսել է ցեմենտ ներկրել ոչ միայն Իրանից, այլև Վրաստանից. լիցենզիայի կարգը վերանայվել է

2022թ–ի 10 ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 803 հազար 500 տոննա ցեմենտ, ինչը 14.5%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Հայաստան ցեմենտ ներկրելու լիցենզիայի ժամկետը կսահմանվի 6 ամիս։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվել է ՀՀ կառավարության հերթական նիստում։ Դրանով, ըստ էության, ցեմենտի հումք և պատրաստի ցեմենտ ներկրողներին կառավարության սահմանած արտոնյալ տուրքերով կթույլատրվի ներկրում իրականացնել` սահմանափակ ժամանակահատվածում։
Կառավարությունը նույն որոշմամբ նախատեսում է լիցենզիա տրամադրել ոչ միայն Իրանից ներկրողների համար, այլև Վրաստանից։
«Նկատի ունենալով, որ օրենքի ընդունման արդյունքում ներմուծումներ են կատարվում նաև Վրաստանից (նախկինում ներմուծումները կատարվում էին միայն Իրանից)՝ կատարվել է նաև փոփոխություն լիցենզիայի տրամադրման նպատակով ներմուծողների կողմից լրացվող հայտում, ինչը տնտեսվարողներին հնարավորություն է ընձեռում նշել ներմուծման մեկից ավելի երկրներ»,– աված է նախագծի հիմնավորման մեջ։
Հիշեցնենք` 2022թ–ի հոկտեմբերին ցեմենտի շուկայում առաջացած դեֆիցիտը լրացնելու նպատակով ՀՀ իշխանությունը վերանայել էր ներկրվող ցեմենտի ու հումքի տուրքերի չափերը` 1 տոննայի դիմաց գործող տուրքը 14 000 դրամից նվազեցնելով մինչև 2 000 դրամ, իսկ կլինկերի տուրքը` զրոյացնելով։
Կառավարության համոզմամբ` սա նաև հավասար մրցակցային պայմաններ կստեղծեր տեղական արտադրողների համար։
Արդյունքում, ըստ կառավարության ներկայացրած վիճակագրության, 2022թ–ի 10 ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 803 հազար 500 տոննա ցեմենտ, ինչը 14.5%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: