ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. 2018 թվականից ի վեր Հայաստանում ինքնավար արևային կայանների հզորությունն աճել է 12 անգամ։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Նրա խոսքով, եթե 2018 թվականին հանրապետությունում կային 784 ինքնավար կայանների սեփականատերեր (ինքնավար արտադրողներ), ապա այժմ նրանք արդեն 9500-ն են, իսկ ընդհանուր հզորությունը 9,1-ից հասել է 188 մեգավատի։ Նշված կարգավիճակը ստանում են այն սպառողները (լինի ֆիզիկական, թե բիզնես), որոնք տեղադրել են ցածր հզորության արևային վահանակներ (մինչև 2022 թվականի վերջ վերին սահմանը 500 կՎտ էր, հունվարի 1-ից այն իջեցվել է մինչև 150, սակայն նրանք, ովքեր ստացել են «ավտոնոմի» կարգավիճակը նախկին սահմանաչափի համաձայն, այն պահպանել են): Այդ դեպքում սպառողների ծախսած էլեկտրաէներգիայի վճարներից ցանցը հանում է նրանցից ստացվող էլեկտրաէներգիայի գումարը:
Ինչպես նշեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, շատ դպրոցներ արդեն տանիքներին տեղադրում են արևային վահանակներ՝ նվազեցնելով էլեկտրաէներգիայի ծախսերը։
Իր հերթին Բաղրամյանը նշել է, որ ինքնավար բաժանորդների հաշվարկը ցանցն իրականացնում է տարեկան կտրվածքով։ Եթե, օրինակ, դպրոցը դարձել է ավտոնոմ արտադրող, ապա ամռանը, երբ դասեր չկան, ցանցին շատ ավելին է տալիս, քան սպառում է։ Այնուհետեւ «լրացուցիչ» կիլովատները կկուտակվեն սպառողի հաշվին ու աշնանն ու ձմռանը դուրս կգան ծախսվածից։