ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Ֆրանսիան ցանկանում է պահպանել Ռուսաստանի հետ շփումները, երկխոսությունն ընթանում է բոլոր մակարդակներում։ LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում այս հայտարարությունն է արել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։
«Մենք Ռուսաստանի հետ շփվում ենք բոլոր մակարդակներում և ցանկանում ենք պահպանել այդ շփումները... Ես հնարավորություն եմ ունեցել խոսելու (ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ), մենք հանդիպել ենք միջազգային համաժողովներում, օրինակ՝ G20-ի շրջանակում։ Բացի այդ, մենք դեսպան ունենք Ռուսաստանում», - ասել է Կոլոննան։
Նա նշել է, որ երկրների միջև դիվանագիտական շփումներ են լինում, նույնիսկ եթե դրանք հեշտ չեն տրվում:
«Այդ շփումները մեզ թույլ են տալիս կարծիքներ փոխանակել, փոխանցել մեր ուղերձներն ու հարցումները», - հավելել է արտգործնախարարը:
Նրա խոսքով՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Էմանուել Մակրոնի և Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույց դեռ պլանավորված չէ, բայց հնարավոր է:
Հիշեցնենք` Մակրոնը դեկտեմբերի 3-ին հայտարարել էր, որ մտադիր է Պուտինի հետ զրուցել Ուկրաինայում քաղաքացիական ատոմային էներգետիկայի հարցերը քննարկելու համար: Սակայն դեկտեմբերի 12-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում Ֆրանսիայի նախագահի հետ զրույց չկա։