ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Հայաստանի բոլոր դպրոցներում Covid–ի փորձով կարող են պայքարել գրիպի և սուր շնչառական վարակների աճի դեմ, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը։
Երեկ` հունվարի 4–ին, առողջապահության նախարարության ներկայացուցիչները հայտնեցին, որ Հայաստանում գրիպի և սուր շնչառական վարակների աճ է նկատվում հատկապես երեխաների շրջանում և կանխատեսվում է, որ հիվանդացությունների դեպքերը կաճեն, երբ դպրոցները հունվարի 9–ից վերաբացվեն։
«Այս պահի դրությամբ առողջապահության նախարարությունից որևէ ցուցում չունենք, բայց ստանալուն պես շատ օպերատիվ կարձագանքենք։ Եթե դպրոցներում ջերմաչափում, ալկոգելերով ախտահանում իրականացնելու, դիմակ դնելու կամ տարածություն պահելու անհրաժեշտություն լինի, ապա, ըստ ԱՆ ցուցումների, դա էլ կկիրառենք»,–ասաց Բաղդասարյանը։
Նշենք, որ դպրոցներում վիրուսների տարածումը կանխելու հետ կապված միջոցառումներ իրականացվում են ՀՀ առողջապահության նախարարության ցուցումով, որից հետո ԿԳՄՍ նախարարությունը մարզպետարանների և քաղաքապետարանների միջոցով դպրոցներին շրջաբերականներ է ուղարկում` անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու պահանջով։
Հիշեցնենք` ըստ առողջապահության նախարարության տվյալների` հունվարի 3–ի դրությամբ Հայաստանի հիվանդանոցային բաժանմունքներում կա հոսպիտալացված 584 պացիենտ, որոնց 96 տոկոսը երեխաներ են։ Թոքաբորբով հոսպիտալացված 209 պացիենտներից 127–ը ևս երեխաներ են։ 47 երեխա գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում։ Հայաստանում գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակից (խոզի գրիպ) մահվան 2 դեպք է գրանցվել։