ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik․ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է գազային հանգույցի նախագիծը։ Անկարան հույս ունի, որ «ճանապարհային քարտեզի» աշխատանքները շուտով կավարտվեն։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Թուրքիայի նախագահի գրասենյակին։
«Նախագահ Էրդողանը բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ Անկարան ամրապնդել ու շարունակում է ամրապնդել ենթակառուցվածքները Թուրքիայում բնական գազի կենտրոն ստեղծելու համար, և որ թուրքական կողմը ձգտում է ավարտել «ճանապարհային քարտեզն» ու կոնկրետ քայլեր ձեռնարկել հնարավորինս արագ դրա իրականացման ուղղությամբ»,-հայտնել են գրասենյակից:
ՌԴ–ի և Թուրքիայի նախագահներն ավելի վաղ հանձնարարել էին մանրամասն մշակել Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու հարցը։ Այս հանգույցի միջոցով, մասնավորապես, կարելի է գազի մատակարարումները տեղափոխել վնասված «Հյուսիսային հոսքերից»։
ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակն ասել է, որ խոսքը ոչ միայն Թուրքիայում առևտրային հարթակի ստեղծման, այլև ենթակառուցվածքների զարգացման ու հարավային ուղղությամբ մատակարարումների ավելացման մասին է: Նրա խոսքով՝ այստեղ կարող են մասնակցել նաև այլ երկրներ. հարավային ուղղությամբ Եվրոպային գազ են մատակարարում նաև Ալժիրը, Կատարը և Ադրբեջանը: