ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. 36–ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Ալավերդու ԲԿ-ում բժշկի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Տեղեկությունը հայտնում է քննչական կոմիտեն։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունիսի 18-ի գիշերը, սթափության վիճակի ստուգում կատարելու նպատակով «Ալավերդու բժշկական կենտրոն» է տեղափոխվել մի քաղաքացի։ Նշված քաղաքացուն ուղեկցող 36-ամյա տղամարդը բուժհաստատության մասնաշենքի 1-ին հարկում վիճել է սթափության վիճակի զննումն անցկացնող շտապօգնության հերթապահ բժշկի հետ, քաշքշել նրան։
Այնուհետև տղամարդը բժշկին աշխատասենյակից դուրս է հանել ու 3-4 անգամ ձեռքերով հարվածել նրա դեմքին և կրծքավանդակին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
Միայն այլ բուժաշխատողների միջամտությամբ է հաջողվել նշված անձին դուրս հրավիրել բժշկական կենտրոնից։
Տղամարդու գործողությունների հետևանքով բժշկին չի հաջողվել կատարել սթափության վիճակի ստուգում:
36-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (Խուլիգանությունը) և 195-րդ հոդվածի 1-ին մասով (Ֆիզիկական ներգործությունը) նախատեսված հանցավոր արարքների կատարման համար։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը:
Նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: