Առգրավվել է 2205 հատ սիգ. սուրբծննդյան օրերին վաճառքի հանդեպ հսկողությունը կուժեղանա

Սիգ. Արխիվային լուսանկար
Սևանա լճի վրա հատուկ հերթապահություն է իրականացվում՝ դուրս են բերվում լողամիջոցները, որսագործիքները և ժամանակավոր կացարանները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. 2022 թվականի դեկտեմբերի 15-ից 2023 թվականի հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում առգրավվել է 2205 հատ սիգ տեսակի ձուկ, 7 կգ ձկնկիթ, տեղեկանում ենք շրջակա միջավայրի նախարարությունից։
Այսօր կայացել է ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագրի իրականացման ընթացքը։
«Սևանա լճում սիգ ձկնատեսակի պահպանության և քանակի ավելացման համալիր միջոցառումների շրջանակում շատ կարևոր է նաև տնտեսվարողների, ձկնորսությամբ զբաղվող մեր հայրենակիցների հետ իրազեկման աշխատանքներ տանել առ այն, որ այսուհետ ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանում չի թույլատրվելու և այս արգելքը ժամանակավոր բնույթ չի կրելու»,-նշել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
Այս պահին «Սևան» ազգային պարկի» հատուկ նշանակության ջոկատի, ինչպես նաև ոստիկանության և բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների կողմից լճի վրա հատուկ հերթապահություն է իրականացվում՝ դուրս են բերվում լողամիջոցները, որսագործիքները և ժամանակավոր կացարանները:
ՀԱկոբ Սիմիդյանը խնդրել է գործընկերներին կրկնապատկել հսկողությունը ճանապարհային հենակետերում և շուկաներում հատկապես սուրբծննդյան տոնի օրերին։
Հիշեցնենք, որ Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումներն իրականացվում են 2022 թվականի դեկտեմբերի 1-ից, դրանք կտևեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ: Սևանա լճում խիստ արգելքը կիրառվում է դեկտեմբերի 15-ից հունվարի 20-ը: