ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով շրջափակման մեջ հայտնված Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությունն առերեսվում է հետզհետե խորացող հումանիտար ճգնաժամի:
Նախարարը կարևորել է միջազգային հանրության կողմից շարունակական և հասցեական արձագանքն ու քայլերը Լաչինի միջանցքը վերաբացելու ուղղությամբ՝ համաձայն Ադրբեջանի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պարտավորությունների:
Այս համատեքստում Միրզոյանը բարձր է գնահատել ֆրանսիական կողմի դիրքորոշումը՝ գոհունակություն հայտնելով նաև 2022թ. դեկտեմբերի 20-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ընթացքում Ֆրանսիայի կողմից հնչեցված կոչերի և հետագայում ներդրված ջանքերի կապակցությամբ:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։