Եվրասիայի երկրներում Իսրայելի դեսպանների պաշտոնական հանդիպումը, որը կայանալու է հունվարի 16-18-ը Բաքվում, Իրանում ընկալվում է որպես հերթական հակաիրականական քայլ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց իրանագետ Ժաննա Վարդանյանը։
Թեհրան–Բաքու հարաբերությունները խիստ լարվել են հատկապես վերջին երկու տարվա ընթացքում, գլխավոր պատճառներից է Իսրայել–Ադրբեջան հարաբերությունների սերտացումը, որը թեպետ նախկինում ևս զարգացած է եղել, սակայն այժմ նոր փուլ է թևակոխել։ Դրա համար այս ժամանակահատվածում Ադրբեջանի համար նպաստավոր գործոններ են առաջ եկել։
«Չնայած դեռ 90–ականներից այդ երկրների միջև հարաբերություններ հաստատվել են, բայց գուցե իսլամական աշխարհի, այդ թվում` Իրանի արձագանքից խուսափելով` Ադրբեջանը Իսրայելում դեսպանատուն չէր բացում։ Հիմա, երբ արաբական մի շարք երկրներ Իսրայելի հետ հարաբերություններն են կարգավորում, և մյուս կողմից էլ Իրան–Ադրբեջան հարաբերություններն են լարված, Իրանն էլ Հայաստանի Սյունիքի մարզում հյուպատոսություն է բացում, այս ամենը Ադրբեջանի համար պարարտ հող էր ստեղծում, որպեսզի նաև իր դեսպանատունը բացվեր Իսրայելում»,–ասաց իրանագետը։
Վարդանյանի խոսքով` Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունների խորացման ցանկացած դրսևորում իրանական կողմի համար միշտ շատ մեծ զգայունությամբ է ընդունվում, և դրա վերաբերյալ Թեհրանից միշտ նախազգուշացումներ են հղվել Բաքվին։
Ադրբեջանում սպասվող հանդիպումն էլ իրանական կողմի մոտ մեծ դժգոհություններ է առաջացրել, և սա դիտարկվում է հերթական հակաիրանական քայլը, ինչպես Բաքվում դեսպանատան բացվելը։
«Բացի այդ, Բաքվում Իսրայելի դեսպանը միշտ հանդես է գալիս հակաիրանական հայտարարություններով։ Եթե Ադրբեջան–Իրան հարաբերությունները լինեին շատ բարեկամական, դժվար թե Ադրբեջանում Իսրայելի դեսպանը իրեն նման հայտարարություններ թույլ տար»,– ասաց իրանագետը։
Ըստ նրա` այս պահին Իրանի համար բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել, քանի որ ոչ պաշտոնական ձևաչափով թեպետ ձևավորված չէ հակաիրանական դաշինք կամ կոալիցիա, սակայն և՛ առանձին–առանձին, և՛ որոշ երկրներ (մասնավորապես արաբական երկրներ) առնվազն քարոզչական հարթակներում գործում են ընդդեմ Իրանի։
«Իրանը պետք է կարողանա շատ հստակ և արագ հակազդեցություն տալ, որը Ադրբեջանի և Թուրքիայի դեպքում կարող է իրականացնել Հայաստանի հետ համագործակցությամբ»,–ասաց Վարդանյանը։
Նա հիշեցրեց, որ Բաքվի և Թեհրանի միջև լարված հարաբերությունների պատճառը նաև տարածաշրջանում Ադրբեջանի նկրտումներն են, մասնավորապես Հայաստանի Սյունիքի մարզում «Զանգեզուրի միջանցք» նախագիծը, որը կարմիր գիծ է Իրանի համար։ Հետևաբար Հայաստանի հետ Իրանը ընդհանուր շահեր ունի և կարող է գոնե Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ քարոզչական ճակատում միասին գործել։