ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. 36-ամյա տղամարդը համագյուղացու մեքենան փախցնելուց հետո վթարի էր ենթարկվել դրանով, հայտնում է ոստիկանությունը։
Նշվում է, որ հունվարի 3-ին, ժամը 04։00-ին Շիրակի մարզի Ախուրյան գյուղի մի բնակիչ ոստիկանություն հաղորդում էր տվել, որ հունվարի 2-ին անհայտ անձը, օգտվելով դռները բաց, իսկ բանալին մեքենայի մեջ լինելու հանգամանքից, տան մոտից առևանգել է իր «Օպել» մակնիշի մեքենան:
Մինչ ոստիկանները պարզվում էին կատարվածի հանգամանքները, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 95-րդ կմ-ին ոստիկանները նկատել են բազմաթիվ մարմնական վնասվածքներով մի տղամարդու: Տղամարդը պարեկներին հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է «Օպելով» վթարի ենթարկվելու հետևանքով: Պարզվում է՝ «Օպելը» փախցրել էր համագյուղացու տան մոտից:
36-ամյա ախուրյանցին ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Անիի բաժին, որտեղից էլ տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ։