ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծված սեպտեմբերյան ագրեսիայի վերաբերյալ քննվող քրեական գործով 22 վարույթ է նախաձեռնվել, որոնք հետագայում միացվել են մեկ վարույթում։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում հայտնեց, որ այս պահին այդ գործերով ոչ մի անձի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում։
«Շուրջ 600 տուժած անձ ունենք` վիրավորներ, զոհեր, նաև քաղաքացիական բնակիչներ, որոնք զրկվել էին իրենց բնակարաններից»,– նշեց Քյարամյանը։
Նրա խոսքով` նրանց մեծ մասը քրեական գործերով ունեն տուժողի դատավարական կարգավիճակ։
Քյարամյանը նաև տեղեկացրեց, որ 17 քրեական վարույթ է նախաձեռնվել, որոնք վերաբերում են սեպտեմբերյան դեպքերի ժամանակ հայկական զինված ուժերի գործողություններին։ Հետագայում այս վարույթների մեծ մասը միավորվել է մեկի մեջ։
«Այստեղ ևս մենք ըստ ուղղությունների ենք քննությունն իրականացնում, այս անգամ բաժանումն ըստ մարզերի է` Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի ուղղություններ։ 11 մեղադրյալ ունենք, որոնց մեծ մասն արդեն կալանավորված է, և 4 դրվագով արդեն ավարտել ենք նախաքննությունն ու ուղարկել ենք դատարան»,– հայտնեց Քյարամյանը։
Նա ընդգծեց` խոսքը ոչ թե բարձրաստիճան սպաների մասին է, այլ միջին օղակի սպաների և զինծառայողների։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։